
Խուճապ Գազայում. Իսրայելի բանակը տանկերով շարժվում է քաղաքի կենտրոն
Իսրայելի բանակը երկու ուղղությամբ առաջանում է Գազայի կենտրոն՝ «սեղմելով» բնակիչներին և ստիպելով նրանց շարժվել դեպի ծովափ՝ փորձելով դուրս մղել մարդկանց անկլավի ամենամեծ քաղաքային կենտրոնից. գրում է Al Jazeera-ն:
Բանակի խոսնակ Նադավ Շոշանին ասել է, որ Իսրայելը հետևակով, տանկերով և հրետանիով ներթափանցում է քաղաքի խորքերը՝ օդուժի աջակցությամբ, նպատակ ունենալով ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա։
Al Jazeera-ի թղթակից Հանի Մահմուդը հայտնել է, որ իսրայելական ուժերը շարժվում են հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից՝ «մարդկանց սեղմելով մեջտեղում» և մղելով դեպի արևմուտք, որտեղ գտնվում է Ալ-Ռաշիդի ծովափնյա ճանապարհը՝ հարավ տանող միակ ուղին։
«Հրթիռակոծվող գերբնակեցված թաղամասերում մարդիկ խուճապի են մատնվում ու բառացիորեն փախչում իրենց կյանքը փրկելու համար։ Մենք արդեն տեսնում ենք մարդկանց զանգվածային տեղաշարժեր»,- ասել է նա:
Բնակիչներն Al Jazeera-ին պատմել են, որ քաղաքի վրա շարունակվում են անընդմեջ հարձակումները՝ անօդաչուներից, կործանիչներից և հեռակառավարվող ռոբոտներից, որոնք պայթուցիկներով են լցված և օգտագործվում են թաղամասերը պայթեցնելու համար։
Ըստ բուժաշխատողների՝ միայն հինգշաբթի Գազայում զոհվել է առնվազն 40 մարդ։