
Կիմ Չեն Ընը հիշեցրել է Թրամփի հետ ունեցած «լավ հիշողությունները»
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «լավ հիշողություններ» ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումներից. գրում է РБК-ն։ Վերջին անգամ նրանք հանդիպել էին 2019 թվականին։
Կիմը նշել է, որ պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Փհենյանի նկատմամբ միջուկային զինաթափման մոլուցքից և ընդունի երկրի իրականությունը։
«Եթե ԱՄՆ-ն դադարի հետևել դատարկ գաղափարին՝ մեզ ստիպել հրաժարվել միջուկային ծրագրից և որոշի ձգտել խաղաղ համակեցության, մենք պատճառ չենք ունենա հրաժարվելու բանակցություններից»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, Կիմ Չեն Ընը բացառել է, որ երբևէ կբանակցի Սեուլի հետ՝ շեշտելով, որ Հյուսիսային Կորեան չի ձգտում միավորվել Հարավի հետ։
Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հարավկորեացի գործընկերոջ՝ Լի Չժե Մյոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հույս ունի մինչև տարեվերջ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ։
«Մենք ինչ-որ մի օր կհանդիպենք, ես իսկապես սպասում եմ դրան», – ասել էր նա։
Թրամփը նաև ընդգծել էր, որ իր երկրորդ նախագահության ընթացքում ԱՄՆ–ն «չի ունեցել խնդիրներ ԿԺԴՀ-ի հետ»։
Նա իր հարաբերությունները Կիմի հետ անվանել էր «շատ լավ»։
Հարավային Կորեայի առաջնորդն, իր հերթին, հորդորել էր ամերիկացի գործընկերոջը նպաստել խաղաղության հաստատմանը Կորեական թերակղզում և կեսկատակ հավելել․
«Սպասում եմ Ձեր հանդիպմանը Կիմ Չեն Ընի հետ, ինչպես նաև՝ Trump Tower-ի կառուցմանը Հյուսիսային Կորեայում ու այնտեղ գոլֆ խաղալուն։ Վստահ եմ՝ նա Ձեզ կսպասի»։