
Իսրայելական հարվածներից Լիբանանում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
Իսրայելի անօդաչուների հարձակման հետևանքով Լիբանանի հարավում զոհվել է առնվազն 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Մահացածների թվում է նաև երեխաների հայրը: Հարձակման հետևանքով վիրավորվել է զոհված երեխաների մայրը և ևս մեկ անձ. գրում է Euronews-ը՝ Լիբանանի առողջապահության նախարարությանը հղումով։
Իսրայելը հայտարարել է, որ հարձակվել է «Հըզբոլլահ»–ի զինյալներից մեկի վրա, որն, ըստ երկրի, «գործում էր քաղաքացիական բնակչության ներսում»: Իսրայելն ընդունել է, որ հարձակման հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք, իսկ բանակը հայտարարել է, որ սկսում է հետաքննություն դեպքի առիթով:
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին նշել է, որ զոհերից չորսը՝ երեք երեխաներն ու նրանց հայրը, ԱՄՆ քաղաքացիություն են ունեցել։ Ամերիկյան դեսպանատունը Բեյրութում դեռևս պաշտոնական արձագանք չի հայտնել։
Ավելի քան մեկ տարի առաջ Իսրայելը և «Հըզբոլլահ»–ն ԱՄՆ միջնորդությամբ կնքեցին հրադադարի համաձայնություն։ Սակայն Իսրայելը շարունակում է գրեթե ամեն օր հարվածել Հարավային Լիբանանի դիրքերին։ Լիբանանցի պաշտոնյաները զգուշացնում են, որ հարձակումները կարող են խափանել երկրի վերջին ջանքերը «Հըզբոլլահ»–ին զենքից զրկելու ուղղությամբ և երկրի կայունությունը պահպանելու գործում։