
ԵՄ աջակցությամբ Ուկրաինան ի վիճակի է պայքարել և վերականգնել իր սահմանները. Թրամփ
ԵՄ աջակցությամբ Ուկրաինան ի վիճակի է պայքարել և վերադարձնել իր ողջ տարածքը այն սահմաններում, որոնցից սկսվել է պատերազմը. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմական և տնտեսական վիճակին ծանոթանալուց և լիովին հասկանալուց հետո, նաև տեսնելով Ռուսաստանին պատճառած տնտեսական դժվարությունները՝ կարծում եմ, որ Ուկրաինան Եվրամիության աջակցությամբ կարող է պայքարել և վերականգնել իր ողջ տարածքը սկզբնական սահմաններում։
Ժամանակի, համբերության և Եվրոպայի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր է վերականգնել այն սկզբնական սահմանները, որոնցից սկսվել էր այս պատերազմը։ Ինչո՞ւ ոչ, Ռուսաստանը երեքուկես տարի է՝ անիմաստ պատերազմ է մղում, պատերազմ, որը իրական ռազմական տերությունը կարող էր հաղթել մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում», – գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը բախվել է լուրջ տնտեսական դժվարությունների, և հիմա Ուկրաինայի գործելու ժամանակն է։