
Նիկոլը կփորձի 8 ամսում մոռացության մատնել իր բերած ողբերգությունները, բայց ես ընտրում եմ պայքարի նոր փուլը. Աբրահամ Գասպարյան
Բնավեր Նիկոլը առաջիկայում երկրի ներսում մեկ խնդիր է լուծելու, մնացածն ածանցյալ են. նա ունի 8 ամիս ժամանակ՝ ցանկացած գնով հայ ժողովրդին և Հայաստանի բնակչությանը փորձելու է համոզել, որ իր բերած բոլոր ողբերգություններն ու կորուստները անցողիկ են և հանուն պայծառ ապագայի՝ պետք է ամեն ինչ մոռանալ: Եթե նա հաջողեց, ուրեմն իշխանությունում վերընտրվելու հնարավորությունները կավելանան։ Եթե մեր ժողովուրդը մոռանա անցած 5 տարում իր գլխին եկածը, ուրեմն Նիկոլն ու իր ոհմակը 2026-ին նախատեսված ընտրությանը կգնան ամեն ինչի, ընդհուպ՝ արյան գնով պահելու իշխանությունը:
Ընտրակեղծիքների մեքենայի մասին չեմ խոսում, որովհետև Նիկոլն այս հարցում գերազանցել է ընդհուպ նախկիններին:
Էլ բան չկա խոսելու. ամեն ինչ ասված է՝ քննադատությունից մինչև ախտորոշում, վերլուծությունից մինչև իրատեսական առաջարկներ: Մեր ռեսուրսները՝ գիտամտավորից մինչև կազմակերպչական, ֆինանսական, տեղեկատվական, քարոզչական ու առաջնորդության…պիտի կարողանանք այդ ռեսուրսի հետ ճիշտ աշխատել և խաղաղ դաշինք կնքել մեր ամբիցիաների հետ: Այս դեպքում կկարողանանք առաջարկել այլընտրանք, որը պատերազմը չէ, այլ իրական ու արժանապատիվ խաղաղությունը, պետական համակարգի վերականգնումը: Նիկոլի ռեսուրսը՝ պրոպագանդան է, պրիմիտիվ տեխնոլոգիաները և բյուջեից աշխատավարձ ու պարգևավճար ստացող պետական ապարատը: Նա ուրիշ բան չունի… նա տեղով մեկ քաղաքական խզբզանք է, որը կարողանում է ճիշտ մանիպուլացնել՝ հետպատերազմյան պարտված հասարակությանը. Նա մեզ համարում է դեգեներատ, մեզ անպատվում ամենավերջին ձևով, ծաղրում ու ձեռք առնում, որովհետև գիտի՝ մենք մեր ամբիցիաների գերին ենք և չենք կարողանալու ձերբազատվել դրանցից…դրա համար էլ՝ ամեն հաջորդող քայլը դառնում է ավելի լկտի, ավելի ցինիկ, անգերազանցելի անբարո, որը կարծես՝ մենք մարսում ենք:
Պարտության դիտահորից հարություն առնել հնարավոր է, բայց դա պիտի անի ոչ թե ինքնության անհասկանալի, այլանդակ ու խայտաբղետ հանդերձանքով հայը, որը նիկոլիզմի հագով է, այլ նվաստացմանը չհամակերպվող, հզոր ու արժանապատիվ պետության տեսլական ունեցող հայը: Ես բռնել եմ հայի այդ տեսակի ձեռքը և շարունակելու եմ իր հետ ճանապարհ անցնել՝ մինչև բաղձալի հաջողությունը: Ամբողջովին գիտակցում եմ պատասխանատվության ծանր բեռը. Երբեք չեմ վախեցել դժվարությունից. Չե՛մ ընկրկել, չե՛մ վհատվել ու հուսահատվել, չե՛մ վախեցել խառնամբոխի ու իշխանության բռնությունից, հալածանքից: Պայքարի բոլոր ճակատներում եղել եմ՝ փողոցից մինչև ամբիոն ու հեռուստաեթեր…բոլորում էլ ինձ պահել եմ արժանապատիվ հայ տղամարդու պես՝ հոգիս, միտքս ու սիրտս տաք պահելով հայի ու Հայաստանի հետ: Կրկնեմ՝ խոսելու ժամանակն անցել է և ժամանակն է անցնել ոչ պակաս կարևոր գործի: Կասեմ՝ առանց բառերը ծամծմելու: Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանրագույն վիճակը, դրանից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը, իմ և իմ գաղափարակից ընկերների հանձնառությունը, մեր՝ քաղաքականապես չպղծված կենսագրությունը, բարոյական ընկալումները, անցած համատեղ ճանապարհը և տասնյակ այլ հիմնավոր պատճառներ…այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական իրական գործընթացներ. կուսակցություն չե՛մ ստեղծում: Ինձ ճանաչողները և հեռուստալսարանը գիտեն՝ գաղափարաբանական առումով՝ ազգային-պետականամետ դաշտում եմ՝ իրական անկախ, արդար և հզոր Հայաստան կերտողների դաշտում: Վաղվանից կշարունակեմ խորհրդակցություններն ու քննարկումները՝ բացառելով որևէ գործակցություն գործող իշխանության, նրա արբանյակների կամ նրանց իշխանության բերածների հետ:
Շնորհակալ եմ հեռուստալսարանին՝ աջակցության, սատարելու և առողջ, հիմնավոր քննադատության համար: Ամենամեծ երախտիքի ու շնորհակալության խոսքը՝ ABC Media-ի ամբողջ թիմին՝ իր մասնագիտական ու բարոյական որակների, անընդհատ կատարելագործվելու ձգտման և պրոֆեսիոնալիզմի համար: Հեռուստադաշտին հրաժեշտ չեմ տալիս, ընդամենը դադարեցնում եմ իմ հեղինակային հաղորդումները, որպեսզի ժամանակս ավելի արդյունավետ օգտագործեմ՝ քաղաքական պրոցեսներում:
Աբրահամ Գասպարյան