
«Հայաստան» խմբակցությունը միացավ Փաշինյանի իմպիչմենթի նախագծին
Այսօր Ազգային ժողովում իշխանափոխության հարցով խորհրդարանական լսումների ժամանակ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը, որպեսզի կցեն իրենց նախագծին:
«Կան իրավաքաղաքական հիմքերը, կան երկու խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները ձևաթղթի տակ, որը ներկայացվել է։ Ակնկալում ենք ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները և հարցի իրական մեկնարկը տալ»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենց խմբակցության դիրքորոշումը չի փոխվել։
«Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում բազմիցս խախտվել է մեր երկրի սահմանադրական կարգը, Նիկոլ Փաշինյանը գործել է պետական դավաճանության հատկանիշներով, և Փաշինյանին պաշտոնազրկելու իրավաքաղաքական հիմքերն անհերքելի են»,– ասաց նա։
Նշենք, որ ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է, այլ կերպ ասած` վարչապետի իմփիչմենթի հայտարարության նախագիծը: