
Փաշինյանը ձախողել է ազգային անվտանգության ռազմավարությունը և պիտի հեռանա․ Տիգրան Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շեղվել է իր իսկ ծրագրից, չի կարողացել արձանագրել պետության առջև ծառացած մարտահրավերներին և դարձել է նոր խնդիրների պատճառ․ իմպիչմենտի թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, ինքնիշխանության, ժողովրդավարության ու սոցիալ-տնտեսական կյանքի վրա»,- ասել է նա։
Հիմնավորելով Փաշինյանին անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնությունը՝ պատգամավորը Փաշինյանին մեղադրել է ազգային անվտանգության ռազմավարությունը ձախողելու, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և բանակցային ձեռքբերումները ոչնչացնելու համար։ Նա նաև ընդգծել է, որ կառավարությունն անտարբեր է վերաբերվել բռնի տեղահանված արցախահայության նկատմամբ, իսկ վեջիններիս վերադարձի ուղղությամբ ցուցաբերում է հանցավոր անգործություն։
Ըստ Աբրահամյանի՝ 2021 թվականից ադրբեջանական ուժերն անարգել ներթափանցել են ՀՀ տարածք, իսկ կառավարությունը ոչ միայն չի պաշտպանել սահմանները, այլև փաստացի լեգիտիմացրել է օկուպացիան՝ հայտարարելով, թե դրանք վիճարկելի սահմաններ են։
Պատգամավորը նաև քննադատելլ է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը՝ անվանելով այն արկածախնդիր և միակողմանի զիջումների վրա հիմնված։ «Եվ այդ պատճառով էլ այդ քաղաքականությունը Հայաստանը դարձրել է մեկուսացված, խոցելի և երկրորդական դերակատար միջազգային հարաբերություններում»,-ասել է նա։
Տիգրան Աբրահամյանը նաև հայտարարել է՝ իշխանությունները դատական համակարգն օգտագործում են ընդդիմախոսների դեմ, իսկ կոռուպցիան ոչ թե վերացել է, այլ վերաբաշխվել է հեղափոխական էլիտայի միջև։
Ըստ նրա՝ Փաշինյանի սխալները հանգեցրել են Արցախի կորստին, նրա անփույթ դիվանագիտությունը անտեսում է ռազմագերիների առկայությունը, իսկ ավտորիտար հակումները բերեցին այլախոհների բանտարկությանը։ «Նա կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Փոփոխությունների ժամանակը հիմա է, նախքան հնարավոր նոր աղետները»,- եզրափակել է պատգամավորը։