
Ինչո՞ւ է «Հիշատակի և խոնարհումի օր» ընտրվել հունվարի 27-ը․ պարզաբանել է Ռուբինյանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր պարզաբանել է, թե ինչու է առաջարկել «Հիշատակի և խոնարհումի օր» ընտրել ոչ թե սեպտեմբերի 27-ը, այլ հունվարի 27-ը։
«Գաղափարը հետևյալն է՝ ունենալ հատուկ օր, երբ կհիշատակենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված անձանց և կխոնարհվենք հանուն հայրենիքի զոհված զիվորների առաջ, այդպիսի կոնկրետ օր մենք չունենք մեր հիշատակի և տոների օրացույցի մեջ, և կարծում ենք, որ նման անհրաժեշտություն կա սահմանելու։ Սեպտեմբերի 27-ը կոնկրետ 44-օրյա պատերազմի սկզբի օրն է, այլ մարդիկ կարող են նշել ապրիլի 2-ը՝ Քառօրյայի սկիզբը, այլ մարդիկ կարող են նոյեմբերի 9-ը նշել որպես ավարտի օր: Միտքը հետևյալն է՝ ես և մենք ուզում էինք ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունենա, որովհետև խոսքը բոլոր ռազմական գործողությունների ընթացքում զոհված մեր հայրենակիցների մասին է: Նաև կապ կա հունվարի 28-ի հետ՝ կապված այն իմաստով, որ հունվարի 27-ին հիշենք և հարգանքի տուրք մատուցենք և խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն տոնենք բանակի օրը: Այդպիսի կոնտքեստ էլ կար՝ հունվարի 28-ը մասամբ վերածվել էր նաև հիշատակի օրվա, այնինչ ինքը առաջին հերթին պետք է տոն լինի, և 27-ին հիշատակ կհարգենք, իսկ 28-ին կտոնենք»:
Լրագրողի հարցին՝ եթե այդպես դիտարկենք, Ցեղասպանությունը նույնպես ապրիլի 24-ին տեղի չի ունեցել, սակայն հիշատակի օր ընտրվել է ապրիլի 24-ը որպես խորհրդանշական օր, ինչո՞ւ այս դեպքում էլ որոշակի խորհրդանիշ պարունակող օր չի ընտրվել, Ռուբինյանը հակադարձել է. «Բայց այս դեպքում էլ խորհրդանիշը բանակին օրվան նախորդող օրն է, բացի դրանից՝ Ցեղասպանությունը տարիներ է տևել և բնականաբար ինչ–որ օր պիտի ընտրեինք, այդ դեպքում ընտրվել է, բայց նաև որպես կոնկրետ օր՝ դա այն օրն էր, երբ հայ մտավորականներին ձերբակալեցին։ Հիմա կոնկրետ այս դեպքում մենք միայն մի պատերազմի զոհերի հիշատակի օր չենք ուզում սահմանել, մենք ուզում ենք սահմանել բոլոր պատերազմների ընթացքում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր. սա է տրամաբանությունը և որևէ դավադրապաշտություն պետք չէ փնտրել: Միտքը ո՞րն է, որ այդ օրը բոլորը հիշատակվեն և խոնարհվեն բոլոր ժամանակների զոհերի առաջ՝ այդ թվում և 44-օրյայի, և բնականաբար, քանի որ դա ամենաթարմն է, ինչպես նաև 2023 թվականի իրադարձությունները, բնականաբար, մարդիկ այդ ժամանակաշրջանի զոհերին են հիշելու»: