
Արդյոք «Զանգեզուրի միջանցքը» բխում է Հայաստանի շահերից․ ԵԽԽՎ պատգամավորի հարցը Փաշինյանին
Արդյոք «Զանգեզուրի միջանցքը» բխում է Հայաստանի շահերից՝ այնպես, ինչպես բխում է Ադրբեջանի շահերից. ԵԽԽՎ պատգամավորը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։
«Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտե՞ղ եք կարդացել։ Նման արտահայտություն չկա, չի եղել և, համոզված եղեք, չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»,– ասաց Փաշինյանը։
«Որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ կողմից։ Ես խստորեն դատապարտում եմ ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը»,– հավելեց նա։
Փախստականների՝ ԼՂ վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Ուղիղ ասում եմ՝ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում։ Փախստականների վերադարձի թեման վտանգավոր եմ համարում խաղաղության գործընթացի համար։ Մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ–ում, մենք նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսել է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի։ Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում և ՀՀ քաղաքացիությամբ»։