06 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատ մոխրագույն ասֆալտը փոխարինելու ենք գեղեցիկ մոխրագույն քարով․ ինչի՞ համար է Ազատության հրապարակի շինարարությունը

Վատ մոխրագույն ասֆալտը փոխարինելու ենք գեղեցիկ մոխրագույն քարով․ ինչի՞ համար է Ազատության հրապարակի շինարարությունը

Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է երևանցիներին հուզող մի շարք հարցերի։ Հարցերի շարքում էր նաև Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակա տարածքի ասֆալտապատումը։ Նա նշել է, որ Ազատության հրապարակի հետ կապված նախագիծ կա, որը նախատեսվում է իրականացնել 2026-ին։

«Այդ վատ մոխրագույն ասֆալտը փոխարինելու ենք գեղեցիկ մոխրագույն քարով»,– ասել էր Ավինյանը։

ABC Media-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը նշեց, որ սա նախընտրական տրամաբանությամբ արված քայլ է։ Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է պատշաճ տեսքի բերել Ազատության հրապարակը, կարգավորել մանր-մունր առևտրականների գործունեությունն ու երեխաների ավտովարձակալության ծառայությունները։

Նման ցուցադրական փոփոխություններով, ինչպես նշում է Սուքիասյանը, նպատակ ունեն ընտրություններից առաջ բարեհաճություն վաստակել քաղաքացիների շրջանում։

«Կենսագործունեության ուղղություններով առկա տապալումներն այնքան մեծ են, որ նման ցուցադրական քայլերը հաստատ չեն կարող կոմպենսացնել իրենց գահավիժած վարկանիշը։ Խայտառակ ասֆալտապատման որակները, փողոցների փոսերը, տրանսպորտի և էկոլոգիայի վատ վիճակը՝ այս ամենը խոսում է քաղաքի կառավարման լուրջ խնդիրների մասին»,- ասաց Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ երկրի պետական պարտքը տարեկան մեկ միլիարդ դոլարով ավելանում է։

«Այս պարագայում քաղաքային իշխանությունը հայտարարում է՝ «բա եկեք Ազատության հրապարակը սալիկապատենք, տեսեք՝ ինչ գեղեցիկ է»։ Փողոցից պատահական անցորդ տանենք, նստեցնենք այդ կաբինետում, տարեկան մեկ միլիարդ պետական պարտք կուտակի, երևի այդքան ծրագրերը կանի, կարող է մի բան էլ ավելի շատ անի, եթե իր մերձավորները փոխկապակցված փող չաշխատեն այդ տենդերներից և այլ ֆինանսական հոսքերից. հետևաբար, այս հայտարարությունը ՔՊ-ական տրամաբանության մեջ է», -նշում է ավագանու ընդիմադիր անդամը։

Սուքիասյանի խոսքով՝ վերջերս որոշում է կայացվել 15 միլիոն դրամ հատկացնել Բիենալեին մասնակցության համար։

«Տպավորություն է, որ ոչ թե քաղաքային իշխանություն է, այլ ինչ-որ մշակութային կամ ժամանցային հիմնադրամ, որը միլիոնավոր դրամներ է աջ ու ձախ շռայլում  տարբեր կազմակերպությունների, որ լավամարդ դուրս գա, բայց այդ ամենը՝ ի հաշիվ Երևանում տեղական տուրքերի և գույքահարկի թանկացման», – նշեց Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ անվճարունակ թոշակառուին հարկադրում են վճարել ավելացված գույքահարկ, որպեսզի այդ միջոցները տնօրինվեն՝ փոխկապակցված ֆիրմաներին մանկապարտեզների շինարարության մրցույթ տալու, տարբեր կազմակերպություններին աջակցելու, նորաձևության շաբաթին 45 միլիոն տրամադրելու համար։

«Իսկ եթե հնարավորություն չունեն՝ տունը կա՛մ վաճառեն, կա՛մ վարձով տան, գնան գյուղում ապրեն»- ասաց Սուքիասյանը։

Այս ամենը, ըստ նրա, չի փոխում քաղաքի կենսագործունեության իրական խնդիրները. «Ազատության հրապարակի հատակն ասֆալտ կլինի, թե ինչ-որ մանրահատակ, առանձնապես շատ բան չի փոխվելու քաղաքի կյանքում»։

Ռազմագերիներ