07 Հոկ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունք է անվանել «Զանգեզուրի միջանցքի» բացումը

Ալիևը Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունք է անվանել «Զանգեզուրի միջանցքի» բացումը

Այսօրվա աշխարհում ռազմական հզորությունը ցանկացած երկրի անկախության և տարածքային ամբողջականության հիմնական գործոնն է․ ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գաբալայում  անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։

«Երկու ամիս առաջ Սպիտակ տանն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի։ Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ համատեղ կոչին համապատասխան՝ անցյալի հակամարտության այս մնացորդները նույնպես վերացվեցին ԵԱՀԿ-ի՝ սեպտեմբերի 1-ի որոշմամբ», – հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը Վաշինգտոնի գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք է անվանել «Զանգեզուրի միջանցքի» բացումը:

«Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի՝ թե՛ Միջին միջանցքի, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Ընդգծենք, որ վաշինգտոնյան համաձայնագրում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հիշատակում չկա։ Խոսքը «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մասին է, որը Հայաստանի տարածքով կապում է Ադրբեջանը Նախիջևանի անկլավի հետ։ ԱՄՆ-ն ստանում է բացառիկ զարգացման իրավունք՝ 99 տարով։ Վաշինգտոնի հռչակագիրը TRIPP-ի մասին ամրագրում է, որ բոլոր ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության ներքո և պարտավորեցնում է կողմերին բացել տրանսպորտային կապերը՝ ներքին, երկկողմ և միջազգային մակարդակներում՝ հարգելով այս սկզբունքները։ Այդուամենայնիվ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շարունակում է TRIPP-ն անվանել «Զանգեզուրի միջանցք», ինչը ենթադրում է արտատարածքային բնույթ և հավակնություններ ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ։

Ռազմագերիներ