Արցախում հողը մշակում են թշնամու ուղիղ նշանառության տակ, բայց բերքը քաղաք չի հասնում՝ վառելիք չկա․ արցախցի պատգամավորը հակադարձում է Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսում խոսել էր Արցախում ստեղված
իրավիճակի մասին, և, անդրադառնալով դիտարկմանը, թե Արցախում սով է, իսկ նրա կինը «աջաբսանդալի»
նկար է հրապարակում, ասել էր․«Կինս ցույց է տվել լոլիկ, բամիա, սմբուկ։
Ինչ-որ մեկն ուզում է ասել, որ հուլիս ամսին Ղարաբաղում բամիա չկա՞, բադրիջան չկա՞,
ինչի՞ չկա կամ ո՞նց կարող է չլինի»։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն Արցախին տվել է բավականաչափ օգնություն, որպեսզի արցախցիները
կարողանան դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից, «բամիա ու բադրջան էլ, թող աճեցնեն»։
ABC Media-ի հետ զրույցում Փաշինյանի այս մեղադրանքներին հակադարձեց
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Շատ տարօրինակ է, երբ երկրի վարչապետն ամեն անգամ ստանձնում է իր կնոջը փառաբանելու
գործառույթը։ Կարծես դա վարչապետի պարտականությունների մեջ է մտնում։ Ի պատասխան իրեն
ու իր կնոջ սարքած «աջափսանդալի»՝ ասեմ, որ այսօր Արցախում բոլորն էլ կարող էին «աջափսանդալ»
եփել, եթե մենք վառելիք ունենայինք ու կարողանայինք գյուղերից մթերքը քաղաք հասցնել։
Ի տարբերություն իրեն ու իր կնոջը, որը կոստյումով այգի է մշակում, այստեղ բոլորը հողագործությամբ
են զբաղված»,-ասաց արցախցի պատգամավորը ։
Նրա խոսքով՝ հենց այդ հողը մշակելիս էլ մի պատառ Արցախում՝ գյուղացին կյանք ու մահվան
կռիվ է տալիս։
«Ամեն օր հողը մշակելիս գյուղացին բախվում է դաժան իրականությանը, երբ թշնամին ուղղակի
կրակում է իր վրա։ Գյուղացին իր հողատարածքը մեծ դժվարությամբ է մշակում։ Շրջափակման
այս իրավիճակում որևէ հող անմշակ չի մնացել»,-նշեց Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանն ասում է՝ Փաշինյանն այս մասին շատ լավ գիտի, ուղղակի իր սուտ ու
կեղծիք տարածելու իր ոճը չի փոխել, մեծ մասամբ սպասումներ էլ չկային, որ կփոխի։
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե իբր օգտագործելով Արցախ տերմինը
ընդունում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, թե գոյություն չունի Լեռնային Ղարաբաղը, Հակոբյանը
նշեց․
«Քանի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իշխանության է եկել, այլ զավթել է այն և դա
արել է անօրեն, արել է մութ ու սև ուժերի օգնությամբ, դրա համար էլ մենք ամեն օր ականատես
ենք լինում, թե ինչպես է ոտնահարվում թե՛ Մայր Հայաստանի օրենսդրությումը, թե՛ Սահմանադրությունը։
Ինքը ամեն օր տրորում է դրանք։ Միևնույն ժամանակ սահմանադրական կարգի տապալման հոդվածով
փորձում է դատապարտել ՀՀ երկրորդ նախագահին։ Ինքն ու իր ՔՊ-ականները ամեն օր են ոտնահարում
ՀՀ մայր օրենքը։ Բնականաբար ինքը չի կարող հասկանալ և ծանոթ էլ չի, եթե ծանոթ էլ է,
ապա ուզում է նսեմացնել Արցախի Հանրապետություն եզրույթը։ Ըստ ԱՀ սահմանադրության Լեռնային
Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն եզրույթները նույնական են»։