
Փոխկապակցված շուկաները և հասարակությունները կարող են ամրապնդել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը. Մարտա Կոս
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կարգավորման առաջընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական և տնտեսական լանդշաֆտը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցի եվրոպական բյուրոյին հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Ըստ վերջերս տարածաշրջանային այցից վերադարձած եվրահանձնակատարի՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ տարածաշրջանն ունի իրական հնարավորություն՝ բացելու Եվրոպան և Ասիան կապող առևտրային և տրանսպորտային ուղիները։ «Եվրոպայից մինչև Չինաստանի սահմաններն ընկած երկրները գիտակցում են այս պահի կարևորությունը։ Այսօր նրանք բոլորը հավաքվել են այստեղ՝ Լյուքսեմբուրգում։ Սա տեղի է ունենում առաջին անգամ», – ընդգծել է Կոսը։
Այսօր Լյուքսեմբուրգում տեղի է ունենում տարածաշրջանային անվտանգության և միջտարածաշրջանային կապի վերաբերյալ նախարարական հանդիպում, որին Ադրբեջանը ներկայացնում է փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը։
Եվրոպացի հանձնակատարը նշել է, որ ԵՄ անդամ պետությունները մտադիր են ստեղծել նոր կապի ենթակառուցվածք: «Մեր աշխատանքը ներդրում է խաղաղության մեջ։ Կոնկրետ համագործակցությունը, փոխկապակցված շուկաները և փոխկապակցված հասարակությունները կարող են ամրապնդել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը», – նշել է նա։
Եվրահանձնակատարը հավելել է, որ Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպումը միայն առաջին քայլն է։ Նոյեմբերին դրան կհաջորդի ներդրումային ֆորում՝ Միացյալ Նահանգների հետ։


