25 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ ապագա հարաբերությունների համար «ճանապարհային քարտեզ» է մշակում․ սենատոր

ԱՄՆ-ն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ ապագա հարաբերությունների համար «ճանապարհային քարտեզ» է մշակում․ սենատոր

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը ելույթ է ունեցել Հադսոնի ինստիտուտում կայացած Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության ապագային նվիրված համաժողովում։  

Սենատորի խոսքով՝ ԱՄՆ-ն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ ապագա հարաբերությունների համար «ճանապարհային քարտեզ» է մշակում։ Նա, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, հայտարարել է, որ ավագ Բուշից ի վեր բոլոր նախագահները հետապնդել են իրենց սեփական խաղաղարար նախաձեռնությունները՝ փորձելով գտնել խնդրի լուծում, բայց բոլորն էլ ապարդյուն են անցել։

Սենատորի խոսքով՝ ոմանք պատշաճ կերպով ռեսուրսներ չէին հատկացնում կամ առաջնահերթություններ չէին սահմանում բանակցությունների համար, մինչդեռ մյուսները պարզապես չէին կարողանում երկու կողմերին համաձայնության բերել։  Իսկ Թրամփի վարչակազմն առաջնահերթություն էր տվել Հարավային Կովկասում խաղաղություն գտնելուն. նրա թիմի անդամները տարեսկզբից ի վեր ներգրավվել են հակամարտության երկու կողմերի հետ։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը շեղել է Պուտինի ուշադրությունը ՝ հնարավորություն ստեղծելով ամերիկյան ավելի մեծ ներգրավվածության և ազդեցության համար։  Սթիվ Ուիթքոֆի թիմն անմիջապես գործի է անցել՝ ուղղակիորեն անդրադառնալով գործարքի ամենաբարդ հարցերին։

Նախորդ բանակցային ջանքերը փորձել են առանձնացնել հարցերը՝ ստեղծելով աներևակայելիորեն բարդ դիվանագիտական ցանց և ակամա թերագնահատելով տարածաշրջանի բարդությունները։ Այս վարչակազմն ընդունել է, որ յուրաքանչյուր հարց կապված է մյուսի հետ, և որ դրանց լուծումները փոխադարձաբար լրացնում են միմյանց, այլ ոչ թե բացառում։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ամերիկացի բանակցողները մշակել են TRIPP-ի նորարարական հայեցակարգը, «որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ միաժամանակ ստեղծելով նոր առևտրային երթուղի, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և տարածաշրջանային այլ պետություններ»։

«Ես տարածաշրջան այցելեցի այս տարվա մայիսին՝ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների կեսին։ Այդ ժամանակ խաղաղությունն, անշուշտ, երաշխավորված չէր, և բանակցությունները դեռևս փխրուն էին։ Տասնամյակներ տևած հակամարտությունը վնասել էր երկու երկրների միջև վստահությանը, և չնայած բանակցություններն առաջընթաց էին գրանցում, դրանք դեռևս լիովին ավարտված չէին», – նշել է Սթիվ Դեյնսը՝ հավելելով, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին փոխանցել է այն ուղերձը, որ երկրների միջև ցանկացած թշնամանք կարող է վաղն ավարտվել։

«Համաձայնագիրն այս գործընթացի վերջը չէ, այլ առաջարկում է ապագայի համար «ճանապարհային քարտեզ»։ Այն ուրվագծում է խաղաղության սկզբունքները, երկու կողմերի ստանձնած պարտավորությունները և ԱՄՆ-ի դերը՝ որպես գործարքի երաշխավոր», – նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները լուրջ դոլարային ներդրումներ է կատարում տարածաշրջանային խաղաղության մեջ, որոնք օգուտ կբերեն բոլոր երկրներին։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն զգալի բնական հարստություն։ Բաքուն գազի և նավթի ամենակարևոր արտահանողներից է աշխարհում իր ենթակառուցվածքներով, որոնք իրենց արտադրանքը տեղափոխում են Թուրքիայի միջով դեպի Եվրոպա, մինչդեռ Հայաստանն ունի պղնձի, կապարի, ցինկի, անտիմոնի և այլ կարևորագույն հանքանյութերի խոշոր հանքավայրեր։

«Ադրբեջանը նաև Իսրայելի անբաժանելի գործընկերն է՝ մատակարարելով նրանց տնտեսության համար օգտագործվող գազի մեծ մասը՝ ապահովելով կայուն էներգիայի հոսքեր Իրանի հետ անմիջական առճակատման պայմաններում», – հավել է սենատորը։

Ռազմագերիներ