
Վրաստանը դժգոհում է հայկական կողմից․ ի՞նչ հետևանքներ կունենա Եվրանեսթում ընդունված բանաձևը
Եվրանեսթ ԽՎ երևանյան նստաշրջանում հակավրացական բանաձևին հայկական պատգամավորների կողմ քվեարկելն առաջացրել է վրացական կողմի դժգոհությունը: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին Եվրանեսթի բանաձևը բովանդակությունից զուրկ է համարել։
«Աջակցելով բանաձևին, որում խոսվում է վրացական կառավարության ոչ լեգիտիմության մասին, նրանք անվստահություն են հայտնում սեփական վարչապետին»,- այսպես է հիմնավորել նա իր վերաբերմունքը։
ABC Media-ն բանաձևի ընդունման պատճառներն ու դրա հնարավոր հետևանքները պարզելու համար զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Քաղաքագետի մեկնաբանմամբ՝ Եվրամիությունն ուզում է Վրաստանում իշխանափոխություն իրականացնել․ նախ՝ ընտրական ճանապարհով, որը չստացվեց, քանի որ իրենց աջակցությունը ստացած չորս ուժերը միասին չհավաքեցին բավարար տոկոս, հետո՝ բռնի ճանապարհով։ Իսկ հիմա սկսել են արտաքին քաղաքական ճնշումը, որն այս պահի դրությամբ իրականացվում է։ Այս բանաձևերը քաղաքականացված են, նշում է քաղաքագետն ու ավելացնում․ «Եթե ընդհանրապես ոչ մի ուրիշ բան չդիտարկենք, ապա Հայաստանում հիմա շատ ավելի շատ ավտորիտար մղումներ կան, բայց դատապարտումը գնում է դեպի Վրաստան, իսկ Հայաստանում բռնապետությանը Եվրամիությունն աջակցում է»։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա ըստ Միքայելյանի՝ նրանք շարունակում են մնալ միջազգային գործընթացների համատեքստում, և ինքնիշխան ընտրության հարց այստեղ ընդհանրապես չկա, ըստ այդմ՝ նրանց ո՛չ մեղադրելու և ո՛չ էլ աջակցելու հարց կա։
Քաղաքագետը շեշտում է, որ հայ-վրացական հարաբերություններն արդեն իսկ լավ վիճակում չեն, քանի որ մայիսից սկսած՝ Վրաստանը սկսեց ճնշումը Հայաստանի նկատմամբ, և սկզբից Հայաստանի իշխանությունների «մերձավորներն» այնպես էին մեկնաբանում, թե Վրաստանն իբրև ռուսամետ է դարձել, իսկ Վրաստանի իշխանությունն ասում է, որ եթե Եվրամիությունը մեր նկատմամբ իր պարտավորությունները չի կատարում, ապա մենք Հայաստանի նկատմամբ ևս չենք կատարելու։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ բանաձևին կողմ քվեարկելը բավականին մեծ վնասներ է հասցնելու հայ-վրացական հարաբերություններին, քանի որ այնտեղ նաև նշվում է, որ ժողովրդավարության առումով Վրաստանը հետընթաց է ապրել։
«Ինչպես տեսնում ենք՝ վրացական կողմը պաշտոնապես արձագանքել է, և առանց այդ էլ վերջին շրջանում լարված հարաբերություններին, է՛լ ավելի բարդ շրջան ենք մտնում, որից տուժելու են Հայաստանի տնտեսվարողները և, առհասարակ, հայ-վրացական հարաբերությունները։ Թե ինչ ծավալների կլինի, հիմա դժվարանում եմ ասել, բայց այն, որ դա ունենալու է հետևանքներ, հստակ է», – ասում է Դանիելյանը։
Հարցին՝ ինչո՞ւ են իշխանական պատգամավորները կողմ քվեարկել այդ բանաձևին՝ քաջ գիտակցելով, որ դա վնասելու է հայ-վրացական հարաբերություններին, Դանիելյանն իր ունեցած տեղեկություններով պատասխանեց, որ այդ բանաձևում տեղ են գտել նաև հայանպաստ որոշակի դրույթներ։ «Բայց դա արդարացում չէ, եթե ոչ դեմ, ապա առնվազն գոնե ձեռնպահ պետք է քվեարկեին, բայց հայկական կողմը նման գործելաոճ է որդեգրել, որը չի բխում մեր պետական շահերից», – ընդգծում է Դանիելյանը։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ տվյալ բանաձևին կողմ քվեարկելը նշանակալի ազդեցություն չի ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա։
«Էնպես չի, թե Վրաստանը ոչ մի տեղ Հայաստանի դեմ չի քվեարկել, ուղղակի սա նոր դրսևորում է այն միտման, որ Վրաստանի և Հայաստանի իշխանությունները քաղաքական տարբեր կուրսեր են ընտրել․ Վրաստանն ընտրել է անկախական կամ ինքնիշխանական կուրսը, Հայաստանը՝ կախյալ կուրսը թե՛ Թուրքիայից, թե՛ Արևմուտքից», – եզրափակեց քաղաքագետը։


