
ՌԴ-ի ներդրումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեռևս ամբողջությամբ չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում նշանակալի է․ Շոյգու
Անդրկովկասում իրավիճակը շատ ավելի կայուն է դարձել․ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստից հետո՝ խոսելով ԱՊՀ երկրներին սպառնացող վտանգների մասին։
«Այստեղ մեծ վաստակ ունեն մասնակից երկրները։ Ես, բնականաբար, նկատի ունեմ Ռուսաստանը, քանի որ շատերը կարող են այն տպավորությունն ունենալ, թե միակ երկիրը, որը լուծել է ութերորդ կամ իններորդ հակամարտությունը, Միացյալ Նահանգներն է», – նշել է Շոյգուն։
Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահ է, որ Ռուսաստանի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս ամբողջությամբ չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում նշանակալի է։ «Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանն ամեն ինչ արել է իրավիճակն ավելի կայուն դարձնելու համար», – նշել է նա։
Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ի նոր անդամ պետություններին Ռուսաստանի սահմանների մոտ. սա լուրջ մարտահրավեր է։


