Ներկայացված պահանջները ճիշտ են, բայց չենք խոսել ամենամեղավոր կողմի՝ ՀՀ իշխանության և վարչապետի մասին․ Ռուբեն Վարդանյան
Համազգային շարժման ղեկավարը պետք է լինի Արցախի նախագահը, նա պետք
է ուղիղ խոսի իր ժողովրդի հետ․ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանը։
«Որպես առաջին դեմք, պարո՛ն նախագահ, Դուք, անպայման, պետք է նորից
վերաստեղծեք ձեր կապը ժողովրդի հետ։ Դա դժվար է, բայց շարժումը կազմակերպված է եղել
պետության կողմից, իսկ պետության ղեկավարը Դուք եք։ Ես գիտեմ՝ Դուք չեք սիրում խոսել
հրապարակից, բայց Ձեր ուղիղ կապը ժողովրդի հետ շատ կարևոր է»,- ասել է Վարդանյանը։
Նախկին պետնախարարն անդրադարձել է երեկվա հանրահավաքին և ներկայացված
պահանջներին՝ նշելով, որ ռուս խաղաղապահներին, Կարմիր Խաչին և միջազգային տարբեր կառույցներ
կառույցներին ներկայացված պահանջները ճիշտ են։
«Մենք չենք խոսել ստեղծված իրավիճակի համար ամենամեղավոր կողմի
մասին։ Մեղավորը ՀՀ իշխանությունն է և վարչապետը, որոնք ընդունել են Արցախն Ադրբեջանի
կազմում, և դրանով ստեղծել են այս ամբողջ դժվարությունները»,-հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունը
միայն հայտարարություն չէ, այն դեռ շատ ծանր հետևանքներ է ունենալու։
Վարդանյանը խոսել է նաև այսօր Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման
մասին։
«Մենք մեր հանրահավաքին հստակ դիրքորոշում հայտնեցինք, թե ինչ մանդատով
ու ինչ դիրքորոշումով պետք է վարչապետը գնա այսօրվա եռակողմ հանդիպմանը»,-ասել է նախկին
պետնախարարը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները բանակցային հարցերով չեն կիսվում Արցախի
իշխանության հետ։
Ռուբեն Վարդանյանը կարևորել է նաև Հայաստանում նոր թափ առած
շարժումը՝ «Հայաքվեն»։
«Հայաստանում մեծ շարժում է սկսվել՝ «Հայաքվե», և սա շատ կարևոր
է, քանի որ հայաստանցիներից ստորագրությունը հավաքելով ՝ մենք նորից գնում ենք այն
ճանապարհով, որով գնացել ենք 80-ականներին՝ միասնության ճանապարհով։ Դա ոչ միայն Սահմանադրության
հաստատումն է, որն արդեն ունենք մենք, այլև վերահաստատում է, որ ՀՀ-ի մեր հայրենակիցները,
նույնպես, անտարբեր չեն։ Նրանք պատրաստ են մեզ հետ միասին տանել բոլոր դժվարությունները»․-նշել
է նա։