
Ադրբեջանը կրկնապատկել է «Արևմտյան Ադրբեջանի» ծրագրերը․ Արման Թաթոյանը թվեր է հրապարակել
«ՔՊ-ի համար փաստեր ունեմ․ Ադրբեջանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում։ Պաշտոնապես հայտարարել են, որ 2026 թվականի բյուջեով ավելացնելու են ֆինանսավորումը և առավելություն տալու են այն ՀԿ-ներին, որոնք արտասահմանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողովներ և միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա կառույցներ։ Այս մասին ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք գոհունակությամբ արձանագրել են, որ «Արևմտյան Ադրբեջան» թեմայով նախագծերի «որակական և քանակական ցուցանիշները էապես բարելավվել են։
Արման Թաթոյանը նշեց, որ միայն այս տարի «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ ծրագրերը կրկնապատկվել են՝ հասնելով 51-ի։ Վերջին երկու տարիների ընթացքում այդ կազմակերպության ծրագրերի շրջանակում անցկացվել է շուրջ 50 համաժողով, շնորհանդես, ցուցահանդես և հանրային լսումներ։ Հրատարակվել է 25 գիրք, նկարահանվել է 11 փաստավավերագրական ֆիլմ և պատրաստվել է 21 տեսահոլովակ։
Հայտարարվել է, որ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» ուղղությունը լինելու է նրանց համար առաջնային։ Կկազմակերպվեն դրամաշնորհային մրցույթներ, որոնցում ներգրավվելու են նաև միջազգային և տարածաշրջանային կառույցներ։ Նշվում է, որ առավելություն են տալու այն ՀԿ-ներին, որոնք արտասահմանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողովներ և միջոցառումներ են իրականացնելու, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա կազմակերպություններ։
«Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվանումով կազմակերպության ղեկավարը բառացի ասել է հետևյալը․ «Վաշինգտոնյան համաձայնությունը չի ենթադրում «Արևմտյան Ադրբեջանի» խնդիրը միջազգային օրակարգից հանելու մանդատ։ «Արևմտյան Ադրբեջանի» խնդիրը հարյուր հազարավոր մարդկանց միջազգային իրավունքի վրա հիմնված հարց է, և ոչ մի փաստաթուղթ կամ համաձայնագիր այն օրակարգից հանելու իրավունք չունի»,-արձանագրել է Թաթոյանը:


