
Եկեղեցականները շարունակում են հավատարմություն հայտնել Վեհափառ Հայրապետին
Մի խումբ եկեղեցականներ շարունակում են հավատարմություն հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Վեհափառ Հայրապետին։
Տեր Մեսրոպ քահանա Օհանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ դեմ է Եկեղեցին ու հավատացյալ ժողովրդին «պառակտելու այս կործանարար գործընթացին»։
Հայր Վաչե Մկրտչյանն էլ գրել է․ «Այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայոց Եկեղեցու շուրջ իշխանությունների կողմից իբրև «եկեղեցական բարեկարգություն» արշավով, կրում է հենց այս նույն «ձեռագիրը»:
Կարևոր է հիշել մի պարզ ճշմարտություն. հնարավոր չէ իրականացնել «բարենորոգում» չարի ոճով ու գործելակերպով, երբ օգտագործվում է զրպարտությունը՝ սիրո փոխարեն, երբ սերմանվում է պառակտում՝ միաբանության փոխարեն, երբ գործում է հարկադրանքը՝ ազատության փոխարեն։
Սա ոչ թե բարեփոխում է, այլ նույն չարի հերթական դրսևորումը: Չարը չի կարող բարիք ստեղծել, նրա նպատակը միշտ կործանումն է ու հոգևոր արժեքների նսեմացումը:
Մնա՛նք արթուն և զգոն՝ տարբերելու լույսը խավարից»։
Տեր Կարապետ քահանա Ստեփանյանը ևս միացել է Մայր Աթոռին հավատարմություն հայտնած եկեղեցականներին, մեջբերել աստվածաշնչյան տողեր՝ «Տե՜ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին։ (Եսայի 38.3)
«Ելնելով հավատարմության ուխտից, միանալով հոգևոր եղբայրներիս՝ իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին:
Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրո՛ւ մեր ժողովրդի երբեմնի խաղաղությունը և վերականգնի՛ր հոգևոր սպասավորներիս եղբայրասիրությունն ու միաբանությունը»,- գրել է Տեր Կարապետը:
Տեր Սևակ քահանա Գաբրիելյանը ևս «խստորեն դատապարտել է «Եկեղեցին բարեփոխելու» անվան տակ ատելության և պառակտման սերմանումը»։
««Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա»․ Ղուկաս 17։1»,- սոցցանցի իր էջում նշել է Տեր Սևակը։
Վեհափառին աջակցություն է հայտնել նաև Ալավերդիի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը՝ Facebook-ի իր էջում գրելով․ «Երբևէ չեմ ընդունել դավաճանությունն ու կեղծավորությունը։ Այս երկու մարդկային հատկանիշներից նաև շատ եմ տուժել անձնապես։ Ինչպես նաև որևէ անձնական գրառում չեմ ունեցել այս էջում, էջս օգտագործել եմ միմիայն քարոզչության նպատակով։ Այժմ թերևս խախտեմ և ասեմ՝ ծառայել և ծառայելու եմ Աստծուն, մեր Սուրբ Եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին, և իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին»։
Նման հայտարարություն են արել նաև Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը, Տեր Ներսես քահանա Խանանյանը, Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, Տեր Մաշտոց քահանա Բարսեղյանը, Տեր Համբարձում քահանա Դանիելյանը, այլք։


