16 Փտր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գարեգին II-ի դեմ հարուցված գործը հստակ ազդանշան է՝ Փաշինյանը բարոյական սահմաններ չունի, և հաջորդ 6 ամիսն անհանգիստ է լինելու Երևանում․ Il Giornale d’Italia

Գարեգին II-ի դեմ հարուցված գործը հստակ ազդանշան է՝ Փաշինյանը բարոյական սահմաններ չունի, և հաջորդ 6 ամիսն անհանգիստ է լինելու Երևանում․ Il Giornale d’Italia

Հայաստանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի դեմ և արգելել է նրան լքել երկիրը։ «Դատական ակտի կատարմանը խոչընդոտելու» պաշտոնական մեղադրանքն օգտագործելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել իր գլխավոր քաղաքական հակառակորդին․ գրում է Սիմոնե Լանզան իտալական Il Giornale d’Italia թերթում։

Ինչպես նշվում է հոդվածում, ճանապարհորդության սահմանափակումները մտցվել են Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցու ճգնաժամը և կառավարության ճնշումը քննարկելու համար եպիսկոպոսների ժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված։ Փաշինյանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Գարեգին Բ-ի մասնակցությունը կանխելու համար։

«Փաշինյանի կողմից Գարեգին Բ-ի դեմ արշավը հատել է բոլոր ընդունելի սահմանները։ Աշխարհիկ իշխանություններն օգտագործել են իրենց վարչական լիազորությունները՝ միջամտելու Եկեղեցու զուտ ներքին հարցերին։ Խոչընդոտման մասին օրենքն այնքան լայն է, որ դառնում է հարմար գործիք՝ «անհարմար» կրոնական առաջնորդի վրա ճնշում գործադրելու համար։ Եկեղեցու առաջնորդի լիազորությունները բխում են կանոնական իրավունքից, այլ ոչ թե գործադիր որոշումներից», – գրում է հեղինակը։

2025 թվականի ընթացքում վարչապետը մեղադրում էր պատրիարքին «ռևանշիստական» շրջանակներին համակրելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաշտեցմանը դիմադրելու համար։ Հեղինակի խոսքով՝ մեղադրանքը լուրջ է, բայց այն խեղաթյուրում է իրականությունը։ Հայ առաքելական եկեղեցին չի կարող աջակցել զինված հակամարտության շարունակությանը կամ նորի բռնկմանը. սա հակասում է Սուրբ Գրքին և Քրիստոսի պատվիրաններին։ Երկրորդ՝ Կաթողիկոսը միավորել է հասարակության այն շերտերին, որոնք կտրականապես դեմ էին իրենց երկրի կապիտուլյացիային և պահանջում էին անգործունակ առաջնորդի հրաժարականը։ Լանզան ընդգծել է, որ Փաշինյանի կարճաժամկետ որոշումները հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիակատար պարտությանը և բոլոր հայերի վտարմանը։ 

Այժմ Բաքուն, գիտակցելով իր գերիշխող դիրքը, սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Երևանը շարունակում է զիջումներ անել՝ ավելի խոր թակարդը գցելով իրեն։ Եկեղեցին և Կաթողիկոսն անձամբ դեմ էին այս կապիտուլյացիայի քաղաքականության շարունակությանը։ Անցած տարվա ընթացքում իշխանությունները ճնշում են գործադրել Եկեղեցու առաջնորդի վրա։ Նրան հարցաքննության են կանչել դատախազները, վիրավորել են սոցիալական ցանցերում, իսկ 2025 թվականի հոկտեմբերին Փաշինյանը Գարեգին Բ-ին կարգալույծ է հռչակել։ Քրեական գործը և ճանապարհորդության արգելքը նշանակում են անցում հռետորաբանությունից դեպի բացահայտ ճնշումներ։ Նախկինում սահմանափակված լինելով կոշտ հայտարարություններով և լրատվամիջոցներում հարձակումներով՝ արշավը վերածվել է քրեական հետապնդման։ Այս գործը կարող է ունենալ հեռահար հետևանքներ։ Անձնական վրեժխնդրություններից և Ավստրիայի եպիսկոպոսաց ժողովի անկայունացումից բացի՝ այն վտանգավոր նախադեպ է ստեղծում Եկեղեցու վրա աշխարհիկ դատարանների միջոցով ճնշում գործադրելու համար։ Սա հող է հարթում Հայ առաքելական եկեղեցու ավագ հոգևորականների դեմ ապագա մեղադրանքների համար և թուլացնում է ամբողջ ինստիտուտը։ Սակայն հիմնական արդյունքը կլինի երկրում խորացող պառակտումը։

Փաշինյանի հակառակորդները միաձայն այս քայլն անվանում են ամոթալի Հայաստանի համար. քաղաքական առաջնորդը պատրաստ է ոչնչացնել Եկեղեցին՝ իշխանությունը պահպանելու համար։ Վարչապետի կողմնակիցները սա համարում են «բոլորը հավասար են օրենքի առջև» սկզբունքի կիրառում։ Արտաքին քաղաքականության մեջ Կաթողիկոսի հետ հակամարտությունը թուլացնում է Երևանի արդեն իսկ փխրուն դիրքը Բաքվի և Անկարայի հետ բարդ բանակցությունների ֆոնին։ Հայ առաքելական եկեղեցին վճռորոշ դեր է խաղում սփյուռքի մոբիլիզացման և երկրի միջազգային կերպարի ձևավորման գործում, իսկ նրա առաջնորդի քրեականացումը «կանաչ լույս» է տալիս Իլհամ Ալիևին՝ ճնշումը մեծացնելու համար։

«Գարեգին II-ի դեմ հարուցված գործը հստակ ազդանշան է մյուս ընդդիմադիր առաջնորդներին։ Փաշինյանն արագորեն հրաժարվում է Հայաստանի դիրքերից արտասահմանում, բայց պատրաստ է ձեռնարկել ամենածայրահեղ միջոցները երկրի ներսում։ Նա բարոյական սահմաններ չունի, ուստի մյուս բոլոր քաղաքական հակառակորդները պետք է պատրաստ լինեն. հաջորդ 6 ամիսները հատկապես անհանգիստ կլինեն Երևանում», – նշում է Սիմոնե Լանզան։

 

Ռազմագերիներ