18 Փտր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբենի միակ «հանցանքը» ԼՂ հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. փաստաբան

Ռուբենի միակ «հանցանքը» ԼՂ հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. փաստաբան

Բաքվի ռազմական դատարանի կողմից կեղծ մեղադրանքներով Ռուբեն Վարդանյանի դատապարտումը և 20 տարվա ազատազրկումը պարզապես արդարադատության «ծաղր» է․ X-ում գրել է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը:

«Հարգված գործարար և բարերար Ռուբենի միակ «հանցանքը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, որոնցից մոտ 120․000-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտման արշավի զոհ էին, որը նրանց այդ տարածաշրջանից վտարեց դեպի Հայաստան: Դատավարությունն ինքնին լիակատար կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց համար անօրինական է երբևէ դատվել ռազմական դատարանում: Այն նաև անցկացվել է գաղտնի, այլ պատշաճ գործընթացների անթիվ չարաշահումներով, ինչպես, օրինակ, փաստաբանի հետ կապը պահպանելու բազմակի մերժումները և դատարանի կողմից տասնյակ միջնորդությունների անտեսումը, որոնք, ըստ ադրբեջանական օրենսդրության, պետք է քննարկվեին դրանց ներկայացումից հետո մի քանի օրվա ընթացքում:

Բացի այդ՝ «վկաների» բառացիորեն բոլոր, այսպես կոչված, «ապացույցներն» անօրինական էին՝ անընդունելի ասեկոսեներ: Բոլոր վկաները պնդում էին, որ իրենք կամ իրենց ընտանիքի անդամները վիրավորվել են հայ զինվորականների կամ այլ զինված խմբավորումների հարձակումներից, սակայն դրանց Ռուբենի առնչության կամ այդ հարձակումներից որևէ մեկի համար պատասխանատու լինելու «ապացույցների» հանրագումարը զուտ ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցների հայտարարություններն էին, թե նա է պատասխանատու։  

Հետևաբար, Ռուբենի դատապարտումը և դատավճիռը խախտում են ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական օրենքները, և բոլոր 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Ես կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տված իր հրապարակային հանձնառությունը՝ ապահովելու նրանց բոլորի ազատ արձակումը, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան», – գրել է փաստաբանը։

Ռազմագերիներ