27 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան միացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցության համար պայքարին․ «Известия»

Մեծ Բրիտանիան միացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցության համար պայքարին․ «Известия»

Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը մշակում են համատեղ խոշոր նախագծեր, այդ թվում՝ ջրային ենթակառուցվածքների արդիականացում, կանաչ էներգիայի զարգացում և անվտանգության ոլորտում համագործակցություն: Երկու կողմերն էլ նախկինում իրենց համագործակցությունը բարձրացրել էին ռազմավարական մակարդակի:

Սակայն, ինչպես նշում են «Известия»-ի հետ զրուցած փորձագետները, Լոնդոնի ակտիվության աճն այս ոլորտում Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու ավելի լայն ռազմավարության միայն մի մասն է:

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առևտրային կցորդ Էլվին Ռազիևի խոսքով՝ Լոնդոնը քննարկում է մինչև 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ֆինանսական գործիքների կիրառումը՝ Ադրբեջանում նախագծեր իրականացնելու համար: Սա, ենթադրաբար, կներառի ենթակառուցվածքների զարգացման համապարփակ աջակցություն, այլ ոչ թե որոշակի ոլորտներ:

Վերջին տարիներին երկրների միջև համագործակցությունը զարգացել է գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ՝ ռազմատեխնիկականի: Այսօր այն ևս համարվում է առաջնահերթություն:

«Известия»-ի հետ զրույցում քաղաքագետ Իլգար Վելիզադեն ընդգծել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում նոր պայմաններ են ի հայտ եկել. Հայաստանի հետ հակամարտությունն էապես անցյալում է՝ վերացնելով արևմտյան երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի համար հիմնական քաղաքական սահմանափակումներից մեկը։ Միացյալ Թագավորությունը, ինչպես մյուս արևմտյան պետությունները, միացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցության համար պայքարին:

2025 թվականի ամռանը Լոնդոնն իր հարաբերությունները բարձրացրեց ռազմավարական մակարդակի նաև Հայաստանի հետ: Սա ներառում է նաև պաշտպանությունը. առաջին անգամ ռազմական կցորդ նշանակվեց Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Միևնույն ժամանակ, Լոնդոնի մոտեցումները երկու երկրների նկատմամբ տարբեր են: Մինչ Բաքվի հետ փոխգործակցությունը կառուցվում է էներգետիկայի, ենթակառուցվածքների և տարանցիկ ներուժի շուրջ, Երևանի հետ հարաբերությունները հիմնականում կենտրոնանում են տնտեսական բարեփոխումների և ներառական զարգացման աջակցության վրա։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ բացատրվում է բացառապես էներգամատակարարումները դիվերսիֆիկացնելու և ռուսական նավթից ու գազից կախվածությունը նվազեցնելու ցանկությամբ։

«Այս պայմաններում Ադրբեջանը ձեռք է բերում հատուկ նշանակություն եվրոպական էներգետիկ ոլորտի համար։ Չնայած երկրի յուրահատուկ քաղաքական համակարգին՝ Բաքուն դիտվում է որպես էներգակիրների մատակարար և նավթագազային նախագծերի հիմնական գործընկեր»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային մոտեցումը մնում է անհավասար։ Հայաստանի հարցում եվրոպական ռազմավարությունը, հավանաբար, կիրականացվի աստիճանաբար՝ համագործակցության աստիճանական խորացման և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու խթանների միջոցով։

«Սակայն, թե որքանով է Երևանը պատրաստ լրջորեն վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, բաց հարց է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Բրյուսելի աջակցությունն ունի նաև ներքաղաքական նշանակություն, ինչը թույլ է տալիս նրան ամրապնդել իր դիրքերն ընտրություններից առաջ։ Բաքվի համար, իր հերթին, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը քաղաքական ազդեցությունը մեծացնելու ավելի լայն ռազմավարության մաս է»,- նշել է փորձագետը։

Միացյալ Նահանգները նույնպես ակտիվ է տարածաշրջանում։ Փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Հարավային Կովկասի երկրներ։

«Ժամանակը ցույց կտա, թե որքանով հաջող կլինի արևմտյան երկրների քաղաքականությունը։ Սակայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը չի նշանակում հրաժարվել ուժի այլընտրանքային կենտրոնների հետ համագործակցությունից։ Եթե տարբեր գործընկերներ առաջարկեն համեմատելի պայմաններ, տարածաշրջանի պետությունները կընտրեն համագործակցության առավել շահավետ ձևաչափերը։ Վերջին հաշվով՝ նրանց արտաքին քաղաքականությունը որոշվում է պրագմատիկ շահերով»,- ասել է Վելիզադեն։

Ռազմագերիներ