02 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել․ Արթուր Խաչատրյանը՝ Ադրբեջանի՝ առիթից օգտվելու հավանականության մասին

Պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել․ Արթուր Խաչատրյանը՝ Ադրբեջանի՝ առիթից օգտվելու հավանականության մասին

Պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով Ադրբեջանի՝ առիթից օգտվելու հավանականության մասին հարցին։

«Ես որևէ բան չեմ բացառում, կարծում եմ՝ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատրաստվածության բարձր մակարդակի բերեն»,-ասաց նա։

Ըստ նրա՝ եթե սահմանը փակվի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։

«Եվ այստեղ խոսքը միայն փոխադարձ առևտուրը չի։ Իրանը հիմնական առևտրային ուղիներից մեկն է։ Այսինքն՝ ճանապարհը որ փակվի, բացասական հետևանքներն ակնհայտ կլինեն, գումարած՝ օդային փոխադրումների խաթարում կա։ Մյուսը, կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետք է կառավարել, չէ՞։ Ներհոսք պետք է կարողանաս կառավարել։ Եվ, ընդհանրապես, Հայաստանից մի 50 մետր ներքև պատերազմ է, չգիտես՝ ինչ կարող է լինել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ էր, չէ՞, որ այս հարվածը լինելու էր․ «Այսօր չլիներ, վաղը կլիներ, վաղը չլիներ, մյուս օրը կլիներ, այսինքն՝ ինչ-որ բանակցություններ կա՞ն, մեր պետությունն այլ պետությունների հետ բանակցե՞լ է։ Այսինքն՝ սահմանը որ փակվի, մարդիկ, բիզնեսը շահերի կորուստ է ունենալու, չէ՞, վնաս է կրելու, ինչ-որ մի բան բանակցե՞լ են, որ այդ մեքենաները, բեռնատարներն այլ ճանապարհով գնան»,- ասաց նա։

Նա նշեց, որ իշխանությունների գործունակության վերաբերյալ շատ մեծ կասկածներ ունի․ «Հիմա իրենք դեմոնստրատիվ կերպով կուկուռուզ ու պեռաշկի են ուտում՝ ցույց տալու համար, որ ամեն ինչ լավ է»։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ