Պուտինը մի շարք հայերի մեդալներ և շքանշաններ է շնորհել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայերի մեդալներ, շքանշաններ, և պատվոգրեր է շնորհել տարբեր ոլորտներում ունեցած վաստակի համար։ Հրամանագիրը հրապարակվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
Բժշկական գիտության և առողջապահության զարգացման հարցում ունեցած մեծ վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար I աստիճանի» շքանշանով է պարգևատրվել «Ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության փոխտնօրեն Լեյլա Վաղոյի Ադամյանը։
«Մարզային կլինիկական ուռուցքաբանական դիսպանսեր» առողջապահության պետական հաստատության գլխավոր բժշկի տեղակալ Գրիգորի Ռաֆայելի Փյումփյուլյանին «ՌԴ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչում է շնորհվել։
Զանգվածային լրատվամիջոցների զարգացման հարցում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար բարեկամության շքանշանով է պարգևատրվել «ՆՏՎ հեռուստաընկերություն» բաժնետիրական ընկերության հաղորդավար Ռոման Գեորգիի Բաբայանը։
Նույն ընկերության բաժնի ղեկավար Նիկոլայ Գեորգիի Բայախչյանը և «Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն» ոչ պետական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ալբերտի Քեռյանը պարգևատրվել են Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար II աստիճանի շքանշանով։