
Ի՞նչ կարծիք ունեն Իրանում «Արևմտյան Ադրբեջան» նախագծի մասին. պատասխան՝ ABC Media-ի հարցին
«Արևմտյան Ադրբեջանի» մասին ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են անգամ եղանակի տեսությունը հայտնելիս։ Այս մասին անգամ ֆիլմեր են նկարահանում։ Դա ապացուցում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն ավարտվել. ABC Media-ի հարցին անդրադարձել են իրանցի փորձագետները։
«Շատ կարևոր է, որ ՀՀ-ը պահի բալանսը, կարողանա դիմադրել այդ նկրտումներին։ Պետք է ավելացնեմ. Թուրքիայում անգամ «Զանգեզուրի ինքնավար հանրապետություն» անունով կառույց ունի, որն էլ ապացուցում է՝ ինչպիսի ծրագրեր ունեն»,- ասել է Թեհրանի համալսարանի Կովկասի ինստիտուտի պրոֆեսոր Շիվա Ալիզադեն։
Հարցի շուրջ Թեհրանի համալսարանի Կովկասի ինստիտունի տնօրեն Ջաֆար Խաշեն նշել է, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, որը երբեք չի դադարելու։
«Մի անգամ ադրբեջանցի փորձագետից հարցրել եմ՝ ինչ եք ուզում Հայաստանից, նա բացահայտ ասաց՝ «լավ Հայաստանը առանց հայերի Հայաստանն է»։ Այս քաղաքականությունը նոր չէ։ Սա ավելի գլոբալ է, որտեղ Ադրբեջանն էլ իր պրոեկտն ունի։ Նա գործիքի մի մասն է միայն։ Ինչ վերաբերում է Իրանին. պետությունների միջազգային սահմանները Իրանի համար կարմիր գիծ են՝ անկախ նրանից հարևան, բարեկամ, թե՞ թշնամի պետությունը է։ Մենք ՌԴ-ի հետ լավ հարաբերություն ունենալով՝ աջակցեցինք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելուն։
Մենք լավ հարաբերություններ ունենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց առողջ միտքը թույլ չի տալիս լռել»,- ասել է Ջաֆար Խաշեն։
Իրանի շուրջ հազարամյակներ շարունակ պատերազմներ են եղել, և Իրանը փորձել է չեզոքությունը պահել․ ասել է վերլուծաբան Աբդելռահման Աբդին։
«Օինակ՝ Քուվեյթի և Իրաքի, Աֆղանստանի և Պակիստանի պատերազմներին չմասնակցեց։ Արցախի պատերազմում նույն քաղաքականությունը պահեց։ Եթե մյուս երկրները՝ Թուրքիան և ՌԴ-ն չխառնվեին, այլ պատկեր կլիներ։ Ես կարծում եմ՝ այլ երկրներից սպասելիքներ ունենալը ճիշտ չէ։ Չպետք է սպասել, որ Իրանը մի քանի հազար տարվա խաղաղությունը մի կողմ դնի։ Իհարկե, Իրանը կարմիր գծեր ունի, որոնք խստորեն պահպանելու է։ Որ ՀՀ-ն զիջումների գնա, և այդ զիջումների հետևանքով այլ երկրների ախորժակը բացվի, նկրտումները մեծանան, և սպասի, որ Իրանը միջամտի, կոռեկտ չէ։ Արաբական երկրները ռազմաբազայի տարածք տվեցին ԱՄՆ-ին, բայց ԱՄՆ-ն երբևէ չպաշտպանեց նրանց։ Հիմա դուք ձեր կամքով ԱՄՆ-ին 99 տարով տարածք եք տալիս և ուժ էլ չունեք, որ նրանց հետո դուրս բերեք։ Եվ ինչպես մյուս երկրների դեպքում, ԱՄՆ-ն ոչինչ չի անելու ՀՀ-ի տնտեսական, անվտանգային զարգացման համար։ Նրանք միայն ուզում են չեզոքացնել Իրանին»,- ասել է Աբդին։


