Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց Վագիֆ Խաչատրյանի բողոքը
Գերի վերցված տարեց մարդու՝ Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող դատական ֆարսը շարունակվում է։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ բողոքարկման մասին որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ, որը նախագահում էր Բաքվի Վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովը։ Ինչպես եւ պետք էր սպասել, վերաքննիչ բողոքը չի բավարարվել, առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, առեւանգվել է անցած տարվա ամռանը Լաչինի միջանցքը հատելիս, ընդ որում՝ առեւանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքերից։ Մարտական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանրության հանցագործություններ կատարելու մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առեւանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Հապճեպ սարքված գործով անցնում է 59 «տուժած», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին եւ պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտնել է, որ չի մասնակցել ոչ մի հանցագործության։