
Եվրոպական երկրներն արդեն իսկ ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի համար․ ՌԴ ԱՀԾ
Եվրամիությունում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)․ նշվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի հաղորդագրությունում։
«ԱՀԾ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելն ընդունում է Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս։ Նշվում է, որ եվրասիական ինտեգրացիային մասնակցությունից ստացված եկամուտների զրոյացումը թույլ չի տա ԵՄ-ի ուղղությամբ «թիավարող» ՀՀ իշխանություններին կայունություն ապահովել ԵԱՏՄ անդամների հաշվին», – նշվում է հայտարարությունում։
Ընդգծվում է, որ շատ եվրոպական երկրներ արդեն իսկ ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից ներմուծվող ապրանքների համար՝ ի վնաս տեղական արտադրողների։
ԵՄ-ն պահանջում է, որ Փաշինյանի կառավարությունը կրճատի ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում և խզի մարդասիրական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ։
«Միևնույն ժամանակ՝ Բրյուսելի բյուրոկրատները կշարունակեն համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության հարցում։ ԵՄ-ն մտադիր է բացատրել կոնկրետ օգնության տրամադրման ուշացումը նրանով, որ ԵՄ-ին անդամակցությունը լիովին կախված կլինի Երևանից և նրա «ձեռքբերումներից» եվրոպական ինտեգրման ճանապարհին», – նշվում է հայտարարության մեջ։
Նման քաղաքականությունը նախատեսվում է խթանել ՀՀ քաղաքացիների համար վիզայի ազատականացման հեռանկարների վերաբերյալ մանիպուլյացիաներ անելով և «հիանալի հեռավոր ապագայում» Հայաստանն «աշխարհի բարգավաճ խաչմերուկի» վերածելու խոստումներով։


