
Երևանն ազատ է համապատասխան որոշում կայացնելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում․ Պեսկով
Ռուսաստանը դեռևս չի լսել որևէ հայտարարություն Երևանից այն մասին, որ Հայաստանը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից․ գրում է ria.ru-ն՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին հղումով։
«Մինչ օրս մենք լսել ենք տարբեր մակարդակով հայ ներկայացուցիչների հայտարարություններ այն մասին, որ, այո՛, անդամակցությունը սառեցված է, բայց Հայաստանը դեռևս դուրս գալու ծրագրեր չունի։ Ամեն դեպքում դա այն է, ինչ մենք լսել ենք մինչ այժմ», – նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե Երևանն այլևս անդամակցության կարիք չունի։
«Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության նման կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը՝ ելնելով իր ազգային շահերից, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և կազմակերպությունից դուրս գալու հարցում»,- հայտարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Երևանը գոհ կլինի, եթե հեռացվի ՀԱՊԿ-ից։


