01 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել գերիներին վերաբերվող հարցերին․ «Ազատություն»

ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել գերիներին վերաբերվող հարցերին․ «Ազատություն»

Արտգործնախարարությունը հրաժարվում է ասել՝ արդյոք դիմե՞լ է Բաքվին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին 3-րդ երկրի կողմից այցելության նպատակով․ գրում է «Ազատություն»-ը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով: Միաժամանակ ԱԳՆ ընդգծել էր, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։

«Ազատություն»-ը հարցում էր ուղարկել նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ արդյոք Հայաստանն արդեն պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանին, 3-րդ երկրի կողմից հայ գերիների տեսակցելու հարցով: Եթե այո, ի՞նչ պատասխան են ստացել Բաքվից: ԱԳՆ-ին նաև հարցրել էինք՝ ո՞ր երկիրն է համաձայնել Ադրբեջանում տեսակցել շուրջ 20 հայ գերիներին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն «Ազատության» որևէ հարցին չի պատասխանել:

«Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրման ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Հաշվի առնելով հարցի զգայունությունը ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում տարվող աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության հանրայնացումը», – հայտնել են ԱԳՆ-ից:

Հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը «Ազատությանն» ասել էր, որ Ադրբեջանում պահվող 20 հայ գերիներին այցելությունն այս պահին հույժ կարևոր է՝ հաշվի առնելով, որ անցած տարվանից նրանք հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ:

Որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ միայն 40 օրը մեկ հեռախոսով շփվելու հնարավորություն ունեն, ինչն է՛լ ավելի ծանր վիճակում է դնում ընտանիքներին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ