
Հայաստանի ընդդիմության և Եկեղեցու ղեկավարության դեմ սկսված քրեական գործընթացները չեն արժանացել միջազգային ճնշման․ ALFA. it
Հայաստանի ֆինանսների նախկին նախարար և Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1-ին դատարան է բերվել պատգարակով: Նրա փաստաբանները հայտնել են, որ նա տառապում է ողնաշարի ծանր հիվանդությամբ և ուժեղ ցավեր ունի: Խաչատրյանի գործը Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների դեմ սկսված քրեական գործընթացների նշանավոր շարքի հերթական դրվագն է միայն․ գրում է ALFA.it-ը:
Ինչպես նշվում է, օգոստոսի 25-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակը, ձերբակալվեցին իրենց ընտանիքի հետ կապված ընկերություններում իրականացված խուզարկություններից հետո: Քոչարյանի «Հայաստան» դաշինքը գործը որակել է քաղաքականապես դրդված:
Գագիկ Ծառուկյանը՝ մեկ այլ առանցքային ընդդիմադիր քաղաքական գործիչ և գործարար, ձերբակալվել է հուլիսին՝ խարդախության և փողերի լվացման կասկածանքով հարուցված գործի շրջանակում։ Ընդդիմության նկատմամբ ճնշումները նկատելի էին դեռևս հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ: Քրեական գործընթացներ են սկսվել հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք թեկնածուների նկատմամբ: Սակայն այս գործընթացը չի սահմանափակվել միայն քաղաքական ընդդիմադիրներով։
Օգոստոսին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը դատարանի առաջ է կանգնել բարձրաստիճան 6 հոգևորականի հետ միասին: Այս միտումն անհնար է անտեսել. քրեական գործեր են հարուցվել ընդդիմադիր գործիչների, նախկին նախագահների, ընդդիմության հետ կապված գործարարների, իսկ այժմ նաև Հայաստանի ազգային եկեղեցու ղեկավարության դեմ: Միևնույն ժամանակ՝ Հայաստանի ընդդիմության և Եկեղեցու ղեկավարության դեմ սկսված քրեական գործընթացները չեն արժանացել միջազգային ճնշման։
«Եթե մարդու իրավունքները դառնում են քաղաքական գործիք, որը բարձրաձայն պաշտպանվում է, երբ ծառայում է աշխարհաքաղաքական նպատակի, և լռությամբ արհամարհվում, երբ բարդացնում է ցանկալի դաշինքի ձևավորումը, ապա խնդիրն այլևս լոկ երկերեսանիությունը չէ: Սա ենթադրյալ համընդհանուր չափանիշի վերածումն է արտաքին քաղաքականության գործիքի: Եվ սա ունի հետևանքներ»,– գրում է կայքը։


