11 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտվել է, և մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ․ Հաջիև

Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտվել է, և մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ․ Հաջիև

Ադրբեջանը կշարունակի լրացուցիչ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու և տեղում ապագա խաղաղությունն ամրապնդելու համար․ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ դիմելով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության վերջին գլուխը փակվել է 3 տարի առաջ, որից հետո Հայաստանն ու Ադրբեջանը մտել են խաղաղության նոր դարաշրջան։ Հաջիևը նշել է, որ այս տարվա օգոստոսին նշվել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի առաջին տարեդարձը։

«Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտվել է։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ և շարժվում ենք այդ ուղղությամբ», – ընդգծել է նա։

Հաջիևը նաև նշել է, որ խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն բախման բացակայություն, այլև վստահության կառուցում, վերականգնում և ստեղծում։ Նա հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև վերջերս կայացած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ համագործակցությունը՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու, վստահություն կառուցելու, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն ու տրանսպորտային կապը զարգացնելու համար։

Նա նաև անդրադարձել է TRIPP նախագծի զարգացմանը։

«Ես ուրախ եմ նշել TRIPP նախագծի զարգացման վերաբերյալ դրական ազդանշանները։ Մենք շնորհակալ ենք մեր ամերիկացի գործընկերներին դրա իրականացմանը նրանց լիակատար նվիրվածության համար։ Հուսով ենք, որ շինարարությունը շուտով կավարտվի», – նշել է նա։

Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանում երկաթուղու և մայրուղու շինարարությունը գրեթե ավարտված է, և ամբողջ նախագիծը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա ընթացքում։

«Մենք այժմ մեր ջանքերը կենտրոնացնում ենք այս նախագծի՝ Նախիջևանի հատվածի իրականացման վրա», – նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը նոր տրանսպորտային կապ կապահովի ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն Եվրասիական մայրցամաքի համար՝ ամրապնդելով Արևելք-Արևմուտք և Միջին միջանցքի երթուղիները։

«Սա կփոխի մեր տարածաշրջանի ամբողջ կոնֆիգուրացիան և միաժամանակ կապահովի Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային գործընթացներին», – ընդգծել է Հաջիևը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ