
Անկլավների հարցով պայմանավորվածություն չկա, կա պատրաստակամություն․ Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ կետերով
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Անկլավների հարցով պայմանավորվածություն չկա, կա երկու կողմերի պատրաստակամություն՝ փորձելու այս հարցը լուծել այսպիսի տարբերակներով, որ հետո երկու ժողովուրդների և քաղաքացիների կյանքը չբարդանա։
- Տարածքների փոխանակման հարցը պետք է դրվի համաժողովրդական քվեարկության։ Եթե հասարակություններին բավարարող լուծում լինի, ապա բնականաբար կօգնի երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը։
- Անկլավների հարցի լուծումը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղիղ նախապայման չէ։ Գիտեք իրենց խոսույթը, իրենք ասում են՝ Սահմանադրությունը մինչև չփոխենք, մենք չենք ստորագրի։ Չեն ասել՝ անկլավների հարցը չլուծենք։
- Փորձում ենք այնպես անել, որ այս տարի TRIPP-ի շինարարության ինչ-որ մեկնարկ տրվի, ոչ թե այդպես ֆորմալ, այլ իրական։ Մասնագետներն ասում են՝ դժվար հասցնենք։ Մեր մոտեցումն այսպես է՝ ինչքան հնարավոր է շուտ։
- Այն մեկնաբանությունները, այն սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները TRIPP-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ՝ էականորեն հեռու են իրականությունից, ես կարող եմ ասել՝ էականորեն ուռճացված են։
- Իրանական կողմում անշուշտ կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են։ Իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։
- Իրանական կողմն ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով։ Չի լինելու։ Մարդիկ հարցնում են, ասում ենք՝ չի լինելու։ Թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։
- Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում եմ եղբայրական, քննարկումները գնահատում եմ կառուցողական, խնդիրները գնահատում եմ լուծելի։
- Ադրբեջանում պահվող հայ գերիներին Կարմիր խաչի փոխարեն երրորդ երկրների ներկայացուցիչների այցելությունների հնարավորության մասին
- Ադրբեջանում պահվող անձանց հարցով մենք դիմել ենք որոշ երրորդ երկրների։ Այդ երկրները փորձել են կամ չեն փորձել, չգիտեմ, ստանալ այդ հնարավորությունն Ադրբեջանում։ Դրական արձագանք մեզ երրորդ երկրները չեն տվել։
- Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության փաստաթուղթն արդեն համաձայնեցված է։ Առաջիկա հարմար առիթում կստորագրենք։
- ԵԱՏՄ-ի թղթերում կամ մեր սահմանադիր փաստաթղթերում չկա մեխանիզմ՝ հինգով վեցերորդին հանելու։


