17 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է «թաքնված» Իրանի՝ «պատրաստվեք պատերազմի» հայտարարության ներքո․ միջազգայնագետ

Ի՞նչ է «թաքնված» Իրանի՝ «պատրաստվեք պատերազմի» հայտարարության ներքո․ միջազգայնագետ

Հայտնի է, որ իրանական ԶԼՄ-ները դիմել են Իրանի բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել պատերազմի․ գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Կարծում եմ՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես որպես հաշվարկված մանևրային քայլ, այլ ոչ թե որպես ռազմական գործողությունների հնարավոր մեկնարկի վերաբերյալ տեղեկատվություն։ Նախևառաջ պետք է հաշվի առնել, որ Իրանը նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ տարածաշրջանում նկատվում է ամերիկյան զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի ակտիվ տեղաշարժ։ Մասնավորապես, տարածաշրջանում անընդհատ հայտնվում են ամերիկյան ինքնաթիռներ, որոնք շրջում են Հորմուզի նեղուցի տարածքում։ Սակայն, կարծում եմ, Իրանի այս հայտարարությունն առավելապես արտաքին հասցեատերեր ունի։

  • Իհարկե, հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Իրանի բնակչությանը՝ կոչ անելով մարդկանց զգոն լինել, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում մաքսիմալ զգուշավորություն ցուցաբերել, ինչպես նաև հոգեբանորեն պատրաստ լինել հնարավոր գործողություններին:
  • Սակայն կարծում եմ՝ այս հայտարարությամբ Իրանը նպատակ ունի նաև խուճապ առաջացնել վառելիքի միջազգային շուկայում, ինչի հետևանքով վառելիքի միջազգային գները կարող են բարձրանալ կամ առնվազն չնվազել։
  • Հայտնի է, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալու են միջանկյալ ընտրություններ, իսկ Թրամփի կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի։ Դրանց պատճառներից մեկը վառելիքի գների պատմական բարձր մակարդակն է, որի հիմնական պատճառն Իրանի հետ պատերազմն է։ Թրամփի վարչակազմը փորձում է որոշակի կարգավորում մտցնել վառելիքի շուկայում և գները հնարավորինս ցածր մակարդակի իջեցնել, քանի որ ընտրություններին ընդառաջ գների նվազումը կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրողների տրամադրությունների վրա։ Սակայն առայժմ այդ ջանքերն ապարդյուն են։
  • Միաժամանակ, եթե Թրամփի և Պուտինի միջև վառելիքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունը կարող էր որոշակի կայունացնող գործոն դառնալ և հանգեցներ Միացյալ Նահանգների վառելիքի շուկայում գների անկմանը, ապա այս քայլով Իրանը, բնականաբար, փորձում է թույլ չտալ նման զարգացում։ Մանավանդ որ Թրամփը հայտարարել էր, որ մինչև նոյեմբերի 3-ը հարձակում չի ծրագրում։
  • Այս քայլով Իրանը նաև ցույց է տալիս, որ նոր հարձակումը կարող է ավելի թանկ արժենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար՝ ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով՝ ոչ միայն ԱՄՆ-ում այլև տարածաշրջանում։

Հետևաբար, Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ արտաքին քաղաքական քայլեր է իրականացնում այս բարդ փուլում»,- նշում է նա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ