Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում․ կովկասագետ
Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում շարունակվում է պետական մակարդակով իրականացվել հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կովկասագետ Հովիկ Ավանեսովը։
«Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում: Այդ քաղաքականությունից զերծ չեն մնում նաև աղվանական ներկայացվող եկեղեցիներն ու խաչքարերը: Նշվածի վառ ապացույցն է Ջուղայի խաչքարերի հիմնովին ոչնացումը. Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը»,- նշել է Ավանեսովը, և ավելացրել, որ վանդալիզմի են ենթարկել նաև Սպիտակ խաչ վանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։
«Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելվում է մշակութային արժեքների գողությունը, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև՝ դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն»,- նշել է նա։