
Ի՞նչ է ստացել Հայաստանը խաղաղության գործընթացում․ Վարդևանյանի հարցադրումները՝ ԱԺ ամբիոնից
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ իշխանությունների ներկայացրած պատկերը չի համապատասխանում ստեղծված իրականությանը․ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և TRIPP համաձայնագրի շրջանակում Հայաստանի սահմանադրության որևէ դրույթ չի քննարկվել։
Վարդևանյանը պնդեց, որ այդ ժամանակ օրակարգում եղել է 2 հարց՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և դրան հաջորդող TRIPP համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխության հարցը չի կարող դիտարկվել որպես այդ պայմանավորվածությունների մաս։
Անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի, Վարդևանյանը նշեց, որ վարչապետը չի կարողացել այդ հարցին պատասխանել։
«Մենք գտնվում ենք ծայրահեղ անորոշության մեջ, և այս իշխանություններն իրենք են դա արձանագրել»,- հայտարարեց նա։
Վարդևանյանի գնահատմամբ՝ իշխանությունը նախընտրական շրջանում հանրությանը ներկայացրել է, թե խաղաղությունն արդեն հաստատված է, մինչդեռ շարունակում են անպատասխան մնալ մի շարք հարցեր՝ կապված Ադրբեջանի հնարավոր նոր պահանջների, «Արևմտյան Ադրբեջանի», անկլավների և «ադրբեջանցիների վերադարձի» թեմաների հետ։
Նա նաև պնդեց, որ Սահմանադրության փոփոխության պահանջը վերջին ամիսներին աստիճանաբար ներկայացվել է տարբեր ձևակերպումներով՝ սկզբում որպես Ադրբեջանի կողմից չբարձրացված հարց, ապա՝ ակնարկ, իսկ հետագայում՝ որպես նախապայման։ Վարդևանյանի խոսքով՝ իշխանությունը պետք է հանրությանը բացատրեր, թե որտեղ և ինչ պայմաններում է ձևավորվել այդ նախապայմանը։
ԱԺ փոխնախագահը քննադատեց նաև իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Ադրբեջանի առաջ քաշած պահանջները, իր գնահատմամբ, հիմնականում իրականացվել են, մինչդեռ Հայաստանի համար կարևոր հարցերը շարունակում են չլուծված մնալ։
Որպես օրինակ՝ նա հիշատակեց Արցախի հայաթափումը, 7 շրջանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատումը, ճանապարհների ապաշրջափակման հարցը և սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Վարդևանյանի խոսքով՝ Հայաստանը դեռևս չի հասել անգամ նրան, որ Ադրբեջանից ապրանքների ներմուծում իրականացվի անմիջապես, առանց Վրաստանի միջնորդության։
Նա անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո էլ Թուրքիայի հետ սահմանը չի բացվել։ Վարդևանյանը հիշատակեց նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու հարցին վերաբերող բանաձևը՝ նշելով, որ պատրաստվում է հանրությանը ներկայացնել, թե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։
«Խաղաղությունը զիջումները չեն։ Խաղաղությունը միմյանց հետ վեճ ունեցող երկու պետությունների մերձեցումն է՝ խնդիրները հաղթահարելու նպատակով։ Դրա համար ենք մենք ասում՝ խաղաղություն՝ առանց զիջումների»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Ելույթի ավարտին նա իշխանություններին մեղադրեց արտաքին հարաբերությունները տապալելու համար՝ կոչ անելով առերեսվել իրականությանը։
Սվետլանա Պետրոսյան


