11 Նոյ
2026
4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ ԵՄ-ում չեն սպասում, մենք կորցնում ենք ԵԱՏՄ-ի շուկան ու դառնում Բաքվի պահանջներից ու «կապրիզներից» կախված երկիր․ Աննա Գրիգորյան

Մեզ ԵՄ-ում չեն սպասում, մենք կորցնում ենք ԵԱՏՄ-ի շուկան ու դառնում Բաքվի պահանջներից ու «կապրիզներից» կախված երկիր․ Աննա Գրիգորյան

Մենք այս իշխանության օրոք ուղղակի դառնում ենք ոչ թե նույնիսկ Թուրքիայի, այլ Ադրբեջանի կցորդ պետություն, երբ քո սահմանադրությունը ստիպված ես փոխել իրենց պահանջով, երբ դու ծեն-ծպտուն չես հանում քո ռազմագերիների հետ կապված, քո տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված, բնականաբար բոլոր պահանջների կատարումը քեզ բերում է նրան, որ դու դառնում ես ֆորմալ առումով, այո՛, անկախ պետություն, բայց բովանդակային առումով՝ կախված ադրբեջանական իշխանության պահանջներից և նույնիսկ երբեմն «կապրիզներից»․ այսօր Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանի ու թիմակիցների ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Նախընտրական փուլում, հետընտրական փուլում ևս իրենք խոսում են ԵՄ-ին անդամակցության մասին, նույնիսկ հայտարարություններ արեցին, որ 2027-2028 թվականին միգուցե հայտ ներկայացնեն Եվրամիությանն անդամակցության թեկնածության մասով, հետո (Փաշինյանը-Խմբ․) գալիս է Հայաստան և ասում է՝ «մենք դուրս չենք գալու ԵԱՏՄ-ից»։ Հիմա եկեք այստեղ տարրական տրամաբանություն փնտրենք՝ դու գնում ես Բրյուսել, ասում ես՝ 27 կամ 28 թվականին մենք հայտ ենք ներկայացնելու ԵՄ անդամակցության համար, հետո գալիս ես Հայաստան ու ասում ես՝ ԵԱՏՄ-ից դուրս չեմ գալիս, ընդ որում՝ դու չես կարող միևնույն ժամանակ և՛ ԵԱՏՄ անդամ լինել, և՛ ԵՄ թեկնածության հայտ ներկայացնել։ Այսինքն՝ մենք խոսում ենք նրա մասին, որ սա ուղղակի արկածախնդիր քաղաքականություն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա՝ որքան արկածախնդիր քաղաքականություն վարեցին Արցախի մասով, որի հետևանքները մենք այսօր տեսնում ենք՝ հայաթափված Արցախ, նույն տրամաբանությունը լինելու է այս հարցում․ «Մենք ԵՄ այդպես էլ չենք հասնելու, ԵՄ անդամ պետություն չենք դառնալու, որովհետև դրա հեռանկարը չկա, ԵՄ նույնիսկ ընդլայնման քաղաքականության մասով դեռ բազմաթիվ խնդիրներ կան, էլ չեմ ասում՝ Ֆրանսիայում, այլ երկրներում եթե իշխանություն է փոխվում, ավելի աջերն են գալիս, ընդհանրապես այնտեղ խնդիրներ են առաջանալու, այսինքն՝ ԵՄ-ում դեռ լիքը հարցեր կան։ Դու գնում ես մի տեղ, որտեղ ինքնին բովանդակային առումով շատ հարցեր կան»։

Նա նշեց, որ Հայաստանին ԵՄ-ում առանձնապես չեն սպասում։

«Դու նաև կորցնելու ես քո գործող հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ շուկայում։ Որպես օրինակ՝ հիշեք, թե ԵԱՏՄ պետություններն ինչ զեկույց էին ներկայացրել՝ խոսելով, թե հետևանքներն ինչպիսին են լինելու, եթե կասեցվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իսկ դրա հետևանքներն իսկապես լրջագույն են լինելու ու, ցավոք սրտի, ոչ թե այս իշխանությունների, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ