
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն իրենց ապագան․ ժամանակն է լսել նրանց ձայները և հաշվի առնել նրանց շահերը․ Գերմանիայի ԱԳ նախարար
Ռուսաստանի իշխանությունները չպետք է խոչընդոտեն Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը Եվրոպայի հետ, որոնք պատմական հնարավորություն ունեն հաղթահարելու պատերազմի և բռնության դարաշրջանը․ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ պաշտոնը ստանձնելուց հետո Բաքու և Երևան իր առաջին այցը կատարելիս․ գրում է Deutsche Welle-ն։
«Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը ժողովրդի և նրանց ապագայի հաշվին։ Սակայն Եվրոպայի հետ մերձենալու Ռուսաստանի հարևանների հարցը չպետք է լուծվի Մոսկվայում։ Ահա թե ինչու կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսել նրանց ձայները և հաշվի առնել նրանց շահերը», - նշել է Վադեֆուլը։
Նա մատնանշել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և «Մոսկվայի կողմից ավելի ու ավելի ակնհայտ սպառնալիքները»։ Իր գնահատմամբ՝ այս ամենը «հստակեցնում է, որ նախագահ Պուտինը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետությունների վրա հիմնված եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը»։
Վադեֆուլի խոսքով՝ տարածաշրջանն այժմ ապրում է «շրջադարձային պահ» և «պատմական հնարավորություն՝ վերջապես հաղթահարելու տասնամյակներ տևած պատերազմը, բռնությունը և տեղահանությունը»։ «Այն, ինչ երկար ժամանակ թվում էր գրեթե անհավանական, դարձել է հասանելի մոտ ապագայի համար։ Հարավային Կովկասում խաղաղության այս հնարավորությունը պետք է օգտագործվի», - նշել է նախարարը։
Վադեֆուլը հիշեցրեց, որ 2025 թվականին Փաշինյանը և Ալիևը նախաստորագրել են երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը։ «Հիմա գլխավորը վստահությամբ առաջ շարժվելն է», - նշել է նախարարը և հավելել, որ «Գերմանիան պատրաստ է լինել Հայաստանի և Ադրբեջանի հուսալի գործընկեր և ընկեր այս գործընթացում»։
Վադեֆուլը խոստացել է Բաքվում և Երևանում քննարկել, թե ինչպես կարող է Բեռլինը «աջակցել լարվածության թուլացման և խաղաղության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին»։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը վստահ է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմանները օգուտ կբերեն ոչ միայն նրա բնակիչներին, այլև ամբողջ Եվրոպային։


