27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարությանին զրկեցին մանդատից

Մարությանին զրկեցին մանդատից

34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին զրկեց մանդատից։

Մինչ քվերկությունը Հայկ Մարությանը իր ելույթում քննադատեց ՔՊ–ին սեփական հայեցողությամբ որոշումներ կայացնելու համար։ Նա հիշեցրել է, որ նախկինում ավագանու նիստերին երբեք չմասնակցած ավագանու անդամները չեն հեռացվել։

«Ինչու նախորդ գումարման ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, որոնք տարիներով նիստերին չէին մասնակցում, որովհետև ձեր դեմ դուրս չէին գալիս։ Գիտեք ում եք հեռացրել անցած գումարման ժամանակ. Լուսինե Մխոյանին` հղի կնոջը, այն բանի համար, որ ինձ քաղաքապետի պաշտոնից հանում էիք, նա ձեզ չմիացավ»,–ասել է Մարությանը։

Նա ընդգծել է, որ այժմ իրենց ավագանուց փորձում են հեռացնել, որովհետև պահանջում են ՔՊ–ի հրաժարականը։ Մինչդեռ ավագանու նիստերին չգալով, քվորում չապահովելով է միայն հնարավոր դիմակայել ՔՊ–ի «տհաս» որոշումներին։

«Չեմ եկել, որ չմասնակցեմ, կարմիր գծերի 160.000 դրամ թանկացնելու խայտառակ որոշմանը, չեմ եկել, որ օղակաձև այգու 4–րդ հատվածը չբետոնապատեն, տրանսպորտի գները չթանկացնեն…»,–ասել է նա։

Հայկ Մարությանը կարծում է, որ քաղաքական հաշվեհարդարից բացի, ևս մեկ կարևոր դրդապատճառ կա, որ իշխանությունը ուզում է իրեն մանդատից զրկել։

«Եթե հիշում եք, որ անցած տարի ես ասել էի` կարմիր գծերը թանկացնելուց հետո, այս իշխանությունը թանկացնելու է նաև հանրային տրանսպորտի գինը։ Արդյունքում ավելի թանկ է լինելու մեր տրանսպորտի գինը, քան մի շարք զարգացած եվրոպական երկրներում։ Նրանք ուզում են չեզոքացնել ինձ` իմանալով իմ դիրքորոշումը տրանսպորտի թանկացման մասին, որ ես շատ հստակ արտահայտվել եմ 11 տարի առաջ»,– ասել նա։

Նրա ելույթից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է, թե այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Իր ելույթից հետո Հայկ Մարությանը լքել է դահլիճը։