13 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
-0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ներկայացուցիչներն ԱՄՆ-ում քննարկել են արցախահայության վերադարձի և Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցերը

Արցախի ներկայացուցիչներն ԱՄՆ-ում քննարկել են արցախահայության վերադարձի և Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցերը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու պետական նախկին նախարար Արտակ Բեգլարյանը այսօր ամփոփում են ԱՄՆ կատարած այցն ու նշում նպատակները։ Այցի ուղերձը հստակ է՝  Արցախի թեման փակված չենք համարում․ այս մասին ասել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  

«Ցավոք սրտի, տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը։ Մեզ համար խնդիր էր ԱՄՆ-ում հայկական Սփյուռքին ու ամերիկյան շրջանակներին հասցնել կարևոր այն ուղերձը, որ Արցախի հարցը փակված չէ, արցախցիների իրավունքներն էլ չպետք է անտեսել»,- նշել է Ստեփանյանը։

Այցի ժամանակ արցախցի պաշտոնյաները մասնակցել են «Միջազգային կրոնական ազատության համաժողովին», որը կարևոր հարթակ էր խոսելու Արցախում հայկական հոգևոր ու պատմական ժառանգության մասին։

«Ողջունել ենք ԱՄՆ պետդեպարտամենտի Ադրբեջանին հատուկ մշտադիրտարկման տակ գտնվող երկրների ցանկում ներառելու համար։ Մենք պահանջել ենք, որ վերահսկող այս գործիքը մի աստիճանով բարձրացվի և կիրառվի «Հատուկ մտահոգության պետություն» գործիքը, որը ենթադրում է տվյալ երկրում լուրջ ուսումնասիրություններ իրականացնել պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ և խախտելու դեպքում պատասխանատվության ենթարկել»,- ասել է Ստեփանյանը։

ԱՄՆ-ում Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը հանդիպել են շուրջ 60 կոնգրեսականների ու սենատորների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի ժողովրդին միջազգային պատճաշ աջակցության տրամադրումը, որը մինչ այսօր չի իրականացվում՝ նշում է Ստեփանյանը։

Արցախցի փախստականները չունեն հնարավորություն նորմալ աշխատանք ձեռք բերելու։ Բացի այդ ՀՀ կառավարությունից շատ քիչ աջակցություն են ստանում և այս իրավիճակը պատճառ է դառնում արցախցիների՝ ՀՀ-ն լքելուն։ Լուծումը, Ստեփանյանի խոսքով, միջազգային հանրությունից գործուն աջակցություն ստանալն է։

«Հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող մեր գերիների ու պատանդառված անձանց առանց նախապայմանների ազատ արձակելու հարցը։ Մենք հատուկ շեշտել ենք, որ անգամ տեղեկություն չունենք այդ անձանց պահման պայմանների, առողջական վիճակի մասին։ ԿԽՄԿ-ի հնարավորությունները այս հարցում նույնպես սահմանափակ են։ Ադրբեջանական բանտերում պահվող լրագրողների, քաղբանտարկյալների և մյուսների նկատմամբ վերաբերմունքից կարելի է ուղղակի ենթադրել, թե ինչպես են վերաբերվում մեր ռազմագերիների, պատանդառված անձանց հետ»։

Հանդիպմանը քննարկվել է նաև արցախցիների պատմական հայրենիք վերադառնալու հարցը։ «Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ նման պայմաններում վերադարձը անհնար է։ Սակայն մենք չենք հաշտվելու Արցախը կորցնելու մտքի հետ ու պահանջելու ենք միջազգային իրավունքով մեզ տրված վերադարձի իրավունքի պատշաճ իրացման հնարավորություն։ Այդ առումով մեզ համար կարևոր է ունենալ հարթակ մեր տեսակետները ներկայացնելու։ Հատկապես այն պայմաններում, երբ ՀՀ կառավարության կողմից չկա համապատասխան բանակցային գործընթաց արցախցիների վերադարձի հարցով»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։