18 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի խաղաղ բնակիչների թիրախավորումը. Տիգրան Աբրահամյան

ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի խաղաղ բնակիչների թիրախավորումը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունն առաջնագծում դրսևորվեց նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ, սա իրադրային զարգացումների ամենավտանգավոր հանգամանքն է. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ուշագրավ է, որ Տավուշի գյուղերի ուղղությամբ վերջին տարիներին կրակահերթեր չէին եղել:

Ինչ վերաբերվում է Սյունիքի մարզի գյուղերին` Խոզնավարից մինչև Արավուս, Տեղ, ապա 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը երկու փուլով դիրքավորվեց համայնքից բավականին մոտ հեռավարության վրա, սա առհասարակ նոր երևույթ է:

Կարծում եմ` ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է կենտրոնանար հատկապես այս խնդրին, սակայն ոչ միայն դրանք արձանագրելու և զեկույցներում ամրագրելու, այլ դրանից բխող օպերատիվ քայլերով:

ԵՄ-ն տարբեր խողովակներով պաշտոնական Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը և միջոցներ ձեռնարկի, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն:

Զինված ուժերի տեսադիտարկման համակարգերերն արձանագրելու նվազագույն գործառույթն իրականացնում են, ԵՄ դիտորդների դերն այդ փաստերի հիման վրա քաղաքական ճնշումների հիմք ստեղծելն ու Բրյուսելին փոխանցելն է` Բաքվին հետագա գործողություններից զերծ պահելու նպատակով:

Համենայդեպս, սա է մեր հասարակության սպասումը, հակառակ դեպքում ԵՄ առաքելության ներկայությունը որևէ ձևով չի կարող արդարացված կամ ընկալելի լինել», – գրել է նա: