22 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
-2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ գառների պես տանում են սպանդի. Հայ դիվանագետը` The Guardian-ին

Մեզ գառների պես տանում են սպանդի. Հայ դիվանագետը` The Guardian-ին

«The Gurdian» պարբերականը գրել է, որ Հայաստանը շրջվում է Արևմուտք՝ դաշնակիցներ փնտրելու Ադրբեջանի հետ լարվածության պայմաններում: Ինչպես նշվել է հոդվածում, դա ուշագրավ շրջադարձ է մի երկրի համար, որը նախկինում ստանում էր իր սպառազինության 98%-ը Ռուսաստանից։ Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը նշել է․ «Մենք ցանկացած պահի ակնկալում ենք նոր ագրեսիա»։ Հոդվածում նշվել է, որ էթնիկ հայերը փախել են իրենց հայրենիքից։ Նրանք դա համարում են էթնիկ զտում, իսկ նրանց գերի ընկած քաղաքական առաջնորդներից ոմանք դեռ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում: Դրվագը խզում է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում և ավելի բևեռացրել առանց այն էլ պառակտված հայ հասարակությանը։ Ազգային ժողովի անդամները դժգոհում են, որ Ադրբեջանը, կարծես թե, անկաշկանդ է և վճռական ավելի շատ պահանջներ բարձրացնելու հարցում: «Միջազգային իրավունքը, մեռած է»,- նշել է իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով , որ ինքնիշխանությունը դառնում է ավելի խոցելի։ «Կարևոր է, որ մենք կոնսենսուս ձևավորենք այս տարածաշրջանի ապագայի վերաբերյալ, քանի որ եթե դա չանենք, մենք կունենանք ավելի իմպերիալիստական աշխարհ, քան 19-րդ դարում էր»,- նշել է Վարդանյանը:

Հոդվածում շեշտվել է, որ այս ամիս Փաշինյանն Ադրբեջանի վերահսկողությանն է հանձնել Տավուշի հյուսիս-արևելյան մարզի չորս սահմանամերձ գյուղը։ «Ընդդիմության կողմից կապիտուլյացիայի մեջ անվերջ մեղադրվող Փաշինյանը պնդել է, որ այլընտրանքը կլիներ պատերազմը»,- ասված է հոդվածում։

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ առաքելության տեղակայմանը։ «Առաքելության անդամներն, իրենց կապույտ դրոշներով, ջիպերով և հեռադիտակներով հետևում են ադրբեջանական զորքերի տեղաշարժին և ամենօրյա զեկույցներ ուղարկում Բրյուսել, մինչդեռ լարվածությունը և ապատեղեկատվությունը ծաղկում են»,- գրել է պարբերականը:

Մարկուս Ռիտերը՝ առաքելության ղեկավարը, պաշտպանելով դրա սահմանափակ իրավունքները, նշել է․ «Մենք կարող ենք հանգստացնել իրավիճակը: Մենք դարձել ենք կայունացնող գործոն։ Եթե համեմատեք իրավիճակը նախքան տեղակայումը և դրանից հետո, ապա տարբերություն կա»։ Հավելվել է, որ Հայաստանն այժմ զենք է գնում Հնդկաստանից և Ֆրանսիայից, իսկ ապրիլի 5-ին ԵՄ-ն և ԱՄՆ-ն պարտավորվել են Հայաստանին տրամադրել համապատասխանաբար 270 մլն եվրո և 65 մլն դոլար: Նոր գործընկերությունը կոչված է թուլացնելու Հայաստանի մեծ կախվածությունը ռուսական շուկաներից և էներգետիկայից։ Բայց դա շատ համեստ փաթեթ է, որը դրդում է հայ դիվանագետներից մեկին, անանունության պայմանով, դժգոհություն հայտնել. «Վախենում եմ, որ մեզ գառների պես տանում են սպանդի»։