28 Սեպ
2024
25.1° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զարմացած ենք՝ ոստիկանությանը հատկացված գումարներն ի՞նչ բարեփոխումների վրա են ծախսվել․ Սրբազան

Զարմացած ենք՝ ոստիկանությանը հատկացված գումարներն ի՞նչ բարեփոխումների վրա են ծախսվել․ Սրբազան

Միջազգային լրատվամիջոցների հետ ասուլիսի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է ՀՀ իրավապահ մարմինների գործունեությանը։ «Մենք զարմացած ենք, որ մեր բարեկամ և քաղաքակիրթ երկրները, իրավապաշտպանները կա՛մ չեն տեսնում, կա՛մ չեն ուզում տեսնեն՝ ինչ է կատարվում Հայաստանում։ Սկսած քաղբանտարկյալներից, մարդու իրավունքի ճնշումներից՝ մինչև այն, ինչ կատարվում են այս օրերին։ Մենք տեսնում ենք ոստիկանական շարքերի ամենավերջին բռնության գործողությունները։ Օրինակ՝ 30 հոգով մեկ մարդու խոշտանգելու պատմությունը, այն էլ՝ պատգամավոր»,-ասել է նա։ 

Անդրադառնալով մարդկանց ծեծելու դեպքերին՝  Սրբազանը նշել է, որ վատ վերաբերմունք կա անգամ այն անձանց դեպքում, ովքեր պարզապես փորձել են կանխել ժողովրդի և ոստիկանության միջև հնարավոր բախումները։ «Նման շատ դեպքեր կան, օրինակ՝ երիտասարդի դեմքի վրայով քայլելը։ Բացարձակ որևէ տեսակի վարույթ, քրեական գործ գոյություն չունի։ Այդ ամբողջ դեպքերի մեջ մեկ վարույթի մասին են խոսում։ Մենք նաև զարմացած ենք, թե ոստիկանությանը հատկացված այդ խոշոր գումարներն ինչպիսի՞ բարեփոխումների վրա են ծախսվել։ Սրա պատասխանը մենք չենք ստացել, ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները, եթե ունենք այս պատկերը։ Մենք հետապնդելու ենք, որպեսզի մարդիկ ոչ զրպարտությունների տակ մնան, ոչ էլ ոստիկանական բռնաճնշումների տակ լինեն և կարողանան իրացնել իրենց իրավունքը»,-ասել է Սրբազանը։

Նա նաև անդրադարձել է Սարդարապատ հուշահամալիրում Կաթողիկոսի մուտքը փակելու դեպքին։ «Ուղղակիորեն ոստիկանների կողմից սահմանափակվեց Կաթողիկոսի մուտքը իր ծիսապաշտանմունքային առաքելությունն իրականացնելու։ Ինստիտուտցիոնալ առումով դեռ եկեղեցու մասին չեմ խոսում, այն պարզապես առաքելություն է իրականացնում, որը սահմանադրական միավոր է մեր կյանքում, բայց Ամենայն Հայոց հայրապետի ու հոգևորականների մուտքը փակելու փորձերը բացարձակ խախտում է և՛ օրենքի, և՛ մարդկային իրավունքի առումով»,-նշել է նա։