Ի՞նչ հիմքով է ԱԳՆ-ն ասել, որ մեկ ամիս հետո հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքել, ի՞նչ բովանդակությամբ․ Բագրատ սրբազան
Այն, ինչ ասել է Ադրբեջանի նախագահը, չի ասել բանակցությունների մակարդակի կամ բանակցություններով ինչ-որ բանի հասնելու մասին, Ադրբեջանի նախագահը պարզապես իմպերատիվ թելադրանք է իրականացրել․ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով ռուսական «Սպուտնիկ» գործակալության լրագրողի՝ Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջին ՀՀ ԱԳՆ պատասխանի մասին հարցին։
Սրբազանը նշել է, որ քննարկման թեմա գոյություն չունի, քանի որ Ադրբեջանի կողմից կա թելադրանք, հրահանգ:
«Այս ծիրից ներս ու այս ֆոնի տակ, դուք ինչպե՞ս եք պատկերացնում մեկ ամիս անց խաղաղության պայմանագիր կնքելը: Երկրորդը, այդ ինչպիսի՞ խաղաղության մասին է, ի՞նչ գնով, ի՞նչ է ներառվելու այդ խաղաղության պայմանագրի մեջ, ինչպե՞ս է դա տեղի ունենալու: Մեկ սահմանազատման ու սահմանագծման հարց չեն կարողանում լուծել միասնական քարտեզներով: Սա նույնիսկ սահմանազատում ու սահմանագծում չէ, սա պարզապես տարածքների հանձնում է, դիմացն ի՞նչ ստանալով, ոչինչ: Այսօրվա կառավարության ղեկավարն ասում էր, մենք երկուսուկես գյուղ հանձնեցինք, դիմացը ստանալով ռիսկերի նվազեցում` ոչ վերացում, այլ նվազեցում: Սա, պարզ լեզվով, նշանակում է, եթե ժամանակին տասը փամփուշտ էին կրակում, հիմա կկրակեն չորսը կամ երեքը»,- ասել է Սրբազանը:
Նրա խոսքով՝ աբսուրդային կացության մեջ ենք հայտնվել, որտեղ խոսակցություն ու երկխոսություն երկու կողմի միջև գոյություն չունի: Գոյություն ունի հրահանգ, գոյություն ունի ուժի սպառնալիք, թելադրանք և հարկադրանք: «Չգիտեմ` ԱԳՆ-ն ինչ հիմքերով է ասել, որ մեկ ամիս հետո հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքել, իսկ բովանդակությունն ի՞նչ է լինելու այդ պայմանագրի, շատ հետաքրքիր է իմանալ: Չմոռանանք նաև, որ ադրբեջանական կողմը նախագահի մակարդակով շեշտել է, որ այս բոլոր գործընթացները պիտի տեղի ունենան մեր օրակարգով և մեր թելադրանքով, այսինքն՝ ադրբեջանական թելադրանքով և իրենց պահանջներով: Մինչև այսօր տեսնում ենք, որ հենց այդպես էլ ընթանում է»,- ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: