Ադրբեջանի հետ իրական բանակցությունների ժամանակ գերիների հարցն օրակարգային է լինելու․ Բագրատ սրբազան
Միջազգային լրատվամիջոցներին տված ասուլիսում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական գերիների հարցին։
«Շատ ցավոտ ու առանցքային նշանակություն ունի մեր գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը։ Արդեն մոտ չորս տարի է, ինչ մենք գերիներ ունենք, թեպետ այս իշխանությունը խոստացել էր մի քանի ամսում լուծել այդ հարցը։ Գործիքակազմը այդ բանակցությունների մեջ է, մենք սրա մասին նշել ենք, որովհետև առանց այդ պայմանավորվածությունների ինչպիսի՞ խաղաղություն պիտի կնքեն մարդիկ։ Դա չափազանց կարևոր նշանակություն ունի, հայկական կողմում գերի չկա, ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական։ Մինչդեռ մյուս կողմը՝ ադրբեջանականը, գերեվարել է մեր տղաներին։ Կարևոր է գերիների վերադարձը առանց նախապայմանների։ Մենք հասկանում ենք, որ թելադրվում են ինչ–որ բաներ, ամեն բան կախված է, թե իրական բանակցությունների սեղանին ինչ հարցեր ենք դնելու։ Գերիների հարցի կարգավորումն ու այլ հարցերի լուծումները տեղի չեն ունենա, եթե չկան իրական բանակցություններ։ Դրանք գոյություն չունեն այսօր, ինչպե՞ս եք պատկերացնում գերիների վերադարձ, երբ սահմանազատումը, Սահմանադրական փոփոխությունը թելադրանքով են տեղի ունենում։ Այս ամենը գալիս է թշնամի երկրի ղեկավարի քմահաճույքից։ Այո՛, իրական բանակցության ժամանակ գերիների հարցն օրակարգային է լինելու»,-ասել է Սրբազանը։