23 Սեպ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
17.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Հայաստանն իսկապես դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա Պուտինի օրոք ՌԴ-ն դուրս կգա Հարավային Կովկասից․ The Moscow Times

Եթե Հայաստանն իսկապես դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա Պուտինի օրոք ՌԴ-ն դուրս կգա Հարավային Կովկասից․ The Moscow Times

Մոսկվայի պաշտոնյաները հասկանում են, որ որքան երկար տևի Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունն, այնքան քիչ հավանական է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի ՀԱՊԿ-ից դուրս գալու իր որոշումից։ Այս մասին հայտնել են The Moscow Times-ի աղբյուրներն՝ անանունության պայմանով՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը:

 «Հայաստանի դուրս գալը խնդիր է առաջացնում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի համար», – նշել է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը, ով սերտ կապեր ունի ռազմական ոլորտում։ Զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում այլ դաշնակից չունի։ Մոսկվան հույսը դրել է Հայաստանի վրա՝ որպես հակակշիռ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի։ 

«Հայկական բանակը փորձառու է և մարտունակ։ Գյումրիում ռուսական ռազմաբազայի հետ միասին այն ֆորպոստ է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ, որն ունի հզոր բանակ և կանգնած է սահմանից այն կողմ»,- նշել է պաշտոնաթող դիվանագետը։
Հայտարարություններից բացի՝ Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկում է կոնկրետ, հետևողական քայլեր՝ ցույց տալու իր մտադրությունների լրջությունը, The Moscow Times-ին հայտնել է ՀԱՊԿ նախկին խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ ՀԱՊԿ-ի ներսում աննախադեպ լարվածությունն արտացոլում է ինչպես Մոսկվայի և Երևանի միջև խորացող տարաձայնությունները, այնպես էլ վերջինիս՝ դեպի Արևմուտք բռնած ուղին։ 

«Վարչապետը պատահաբար նման հայտարարություններ չի անում։ Ես սա դիտարկում եմ որպես ծրագրի մաս: Փաշինյանը նախ ստացավ ԱՄՆ-ի աջակցությունը, հետո որոշեց դուրս գալու հայտարարություն անել։ Ցավոք սրտի, այս բոլոր քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանը սկսում է դադարեցնել իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և գնալով ավելի է մոտենում Արևմուտքին», – նշել է Զայնետդինովը ։ Եթե Հայաստանն իսկապես դուրս գա ՀԱՊԿ-ից, «կարելի է ասել, որ Պուտինի օրոք Ռուսաստանը դուրս է գալիս Հարավային Կովկասից։ Ամեն ինչ տանում է դրան: Հարցն այն է, թե ինչպես է Փաշինյանը հաղթահարելու Հայաստանի տնտեսական կախվածությունը Մոսկվայից»,- նշել է պաշտոնաթող ռուս դիվանագետը։ 

Զայնետդինով, իր հերթին, նշել է, որ որպես ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանին երաշխավորված է պաշտպանությունը Թուրքիայից, ինչը Երևանը կկորցնի, եթե դուրս գա կազմակերպությունից։

 «Իսկ ո՞վ է ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ Սակայն ՀԱՊԿ-ի համար՝ որպես եվրասիական տարածքում հավաքական անվտանգության համակարգի Հայաստանի դուրս գալը նույնպես խնդիր կստեղծի, որը պետք է ինչ-որ կերպ լուծվի», – նշել է Զայնետդինովը։