Intelligence Online- ը գրել է, որ անվտանգության խորհրդատուները օգնելու են Կիևին, Երևանին և Քիշնևին՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու համար։ Ուկրաինան, Հայաստանը և Մոլդովան փնտրում են արտաքին խորհրդատուներ՝ իրենց պաշտպանական հատվածները ՆԱՏՕ-ի կառույցների հետ ավելի փոխգործունակ դարձնելու և Եվրոպական միության հետ աշխատանքներն արագացնելու համար՝ ստեղծելով լայն հնարավորություններ մի շարք արտաքին խորհրդատվական կազմակերպությունների համար:
Թե որքան հեռու է պատրաստ գնալ Հայաստանը Ռուսաստանի հետ կապերը թուլացնելու հարցում, անհասկանալի է․ գրել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնը (CEPA)։
«Հաշվի առնելով ներկա մթնոլորտը, ակնհայտ է, որ Երևանը հիմք է ստեղծել ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալու համար։ Հայաստանը ամուր դիրքերում չէ, նա երկու պատերազմ է տանուլ տվել և կորցրել Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը շարունակում է դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել։ ՀՀ հարևան պետությունների մեծ մասը անբարյացակամ է, բացի այդ առկա են ներքաղաքական սուր տարաձայնություններ։ Երկրի ղեկավարությունը փորձում է թուլացնել կախվածությունը ՌԴ-ից։ Այդուամենայնիվ, ՀԱՊԿ-ում իր գործունեության նվազեցումը կամ սառեցումը բավարար չէ, և ՀՀ-ն փորձում է ընդլայնել կապերն Արևմուտքի հետ»,- ասված է հայտարարությունում։
Eurasianet-ը նկատում է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև սառը հակամարտությունը սրվում է Փարիզի կողմից ՀՀ-ին զենք վաճառելու ֆոնին։ Վերջին իրադարձությունները մեծացնում են Կովկասում հակամարտության վերսկսման հեռանկարը: Եթե մինչ այժմ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև թշնամանքը սահմանափակվում էր հիմնականում բանավոր «հարվածներով», ապա այժմ իրավիճակը հասել է մի կետի, որը, լավ չկառավարվելու դեպքում, կարող է դրդել, որ «իրական փամփուշտները կրկին սկսեն թռչել Կովկասում»:
Eurasia Review-ն, իր հերթին համարում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը մնում է հետխորհրդային տարածքում ամենաանլուծելի վեճերից մեկը։ Չնայած տեղում զգալի փոփոխություններին և ընդհատվող դիվանագիտական ջանքերին, տևական խաղաղությունը շարունկաում է մնալ չհաստատված։ Խաղաղության համաձայնագրի հնարավորությունը կախված կլինի երկու կողմերի՝ դժվարին փոխզիջումների գնալու պատրաստակամությունից և միջազգային դերակատարների կարողությունից՝ նպաստելու արդար և անաչառ հանգուցալուծմանը: Առանց այս տարրերի տարածաշրջանը վտանգված է մնալու բախումների և անկայունության ցիկլում: