26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն և ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիայի և Ադրբեջանի վարչախմբերին. Genesis Armenia

Սահմանադրությունը ոտնահարվում է` թուլացնելով ՀՀ-ն և ավելի սանձարձակ դարձնելով Թուրքիայի և Ադրբեջանի վարչախմբերին. Genesis Armenia

Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«1995 թ հուլիսի 5-ին համազգային հանրաքվեի միջոցով ընդունվեց անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը։ ՀՀ Սահմանադրության հիմքը հանդիսացել է 1990թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը։ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ իրականացվել են 2005 և 2015 թվականներին նույնպես հանրաքվեի միջոցով: Այս փոփոխությունները վերաբերել են կառավարման կարգի փոփոխությանը՝ նախագահականից կիսանախագահականի, հետո՝ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման կարգին։

ՀՀ Սահմանադրությունն այսօր վտանգված է առավել քան երբևէ։ Երկրի առաջին դեմքերի մակարդակով խոսվում է 3-րդ Հանրապետության էջը փակելու, նոր Սահմանադրություն ընդունելու, պետական խորհրդանիշները փոխելու մասին։ Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի ղեկավարությունների կողմից հնչում են հայտարարություններ ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին որպես նախապայման խաղաղության պայմանագիր կնքելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։

Իշխող վարչախմբի կողմից այս Սահմանադրությունը բազմիցս ոտնատակ է արվել՝ մասնավորապես սահմանադրական կարգի տապալման, մարդու իրավունքների խախտումների աղաղակող օրինակներով, նաև ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորի պարտականությունների հարցում հանցավոր անգործություն դրսևորելով։ 2023-ին Արցախի հայաթափումից հետո էլ այն դրսևորվում է Արցախի էջը փակելու, Արցախն ուրանալու մասին հայտարարություններով։ Դրան գումարվում է նաև արցախցի հայերի նկատմամբ ատելության քարոզը, որն իրականացվում է պետական մակարդակով՝ հեռուստատեսության և համացանցի միջոցով։

ՀՀ Սահմանադրության շարունակական ոտնահարումն իշխող վարչախմբի կողմից ավելի է թուլացնում ՀՀ, ավելի լկտի ու սանձարձակ է դարձնում Ադրբեջանի և Թուրքիայի վարչակարգերին, իսկ հայության լինելը՝ Հայաստանում, թե Սփյուռքում, դարձնում է ավելի խոցելի ու վտանգված։

Այս համատեքստում այս ծանր ժամանակներում Սահմանադրության գործարկումը դարձել է հրամայական։ Սահմանադրության գլխավոր դրույթներից մեկում նշված է.

«Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Վստահ ենք, որ այս դրույթը կյանքի կկոչվի, և այս տարիների ընթացքում բազմիցս ոտնահարված Սահմանադրությունը նորից կծառայի ի շահ ՀՀ-ի և ի բարօրություն հայ ազգի»: