ԿԳՄՍՆ հաստատած դասագրքերով սովորողները մի քանի տարի հետո ապազգային են լինելու. Ատոմ Մխիթարյան
Դպրոցական 8-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի շուրջ աղմուկ է ձևավորվել։ Անցած տարի գիրքը գրելու նպատակով նախարարություն համատեղ հայտ են ներկայացրել Սերոբ Խաչատրյանն ու Արսեն Թավադյանը։ Նրանց հայտն ընդունվել է ու հանձնաժողովը հաղթող է ճանաչել հենց այս հեղինակների դասագիրքը, սակայն ավելի ուշ նախարարությունը լուծարել է այդ հանձնաժողովն ու ստեղծել է նորը։ Հանձնաժողովի հետ շրջանառությունից դուրս է մնացել նաև այս հեղինակների դասագիրքը։
Այս մասին ահազանգել է հենց դասագրքի համահեղինակ Արսեն Թավադյանը՝գրառման մեջ նաև նշելով, որ իրենց դասագրքում որպես արդարության օրինակ նշված է Թեհլիրյան դատավարությունը, Արցախի ժողովրդի իրավունքի իրացումն ու այլ հարցեր։ Դասագրքի հեղինակն ու մասնագետները կարծում են, որ հենց սրանք են, որ դուր չեն եկել ԿԳՄՍ նախարարությանն, ու Անդրեասյանը որոշել է հանձնաժողովի անվան տակ վերանցել նաև գիրքը։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ABC media-ի հետ զրույցում նշել է, որ հանձնաժողովը լուծարվել է առանց որևէ իրավական հիմք ունենալու։
«Ցրել են այդ հանձնաժողովը, ստեղծել են նորը, որն էլ այդ դասագրքին հավանություն չի տվել, սակայն հաղթող դասագիրք արդեն կա։ Կարգը խախտելով են իրականացրել այս ամենը, քանի որ որևէ տեղ ամրագրված չէ, որ եթե հանձնաժողովը ընթացակարգային խախտման համար պիտի լուծարվի։ Ես գիտեմ, որ ամենայն հավանականությամբ դատական պրոցես կսկսվի»,-ասել է Մխիթարյանը։
Մասնագետն այստեղ դիտավորություն է տեսնում:
«Գիրքն, ամենայն հավանականությամբ, չի եղել իշխանության սրտով։ Այն չի համընկնում, այսպես ասած, ժամանակակից և պատմական Հայաստան դիլեմային։ Երևի սա է պատճառ եղել, որ հանձնաժողովի փոփոխությամբ են դասագիրքը ցանկացել թույլ չտալ, որ այս դասագիրքը մտնի դպրոց»,-շեշտել է նա։
Մխիթարյանն անդրադարձել է նաև «Հայոց պատմություն» 8-րդ դասարանի դասագրքին, որի համահեղինակը 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն է։
«Պետք է հիշել, որ Սմբատ Հովհաննիսյանը մասնագիտությամբ պատմաբան չէ։ Հայաստանում կա ԵՊՀ-ի Հայոց պատմության ամբիոն և ԳԱԱ Հայոց պատմության ինստիտուտը։ Չեմ կարծում, որ մասնագետներ կան, որոնք չեն ցանկանում դասագիրք գրել։ Այլ հարց է, որ կառավարությունն է տալիս պատվեր կամ ասում է՝ ինչպիսի դասագիրք է ուզում ունենալ։ Իսկ այս կառավարության սկզբունքները հակասում են մեր ազգային հիմքին, գաղափարախոսությանը։ Սա էլ պատճառը, որ հայտնի մասնագետները չեն ուզում այդ չափանիշներին համապատասխան դասագիրք գրել»,-ասել է նա։
Փորձագետը նկատել է, որ Հայաստանի լավագույն մասնագետներն ուղղակի չեն ցանկանում գնալ հակառակ մեր ազգային ինքնությանն ու այն դնել կասկածի տակ այնպես, ինչպես դա անում է ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին։
«Այդ չափորոշիչները հակասում են նրանց մտածողությանն ու մենթալիտետին, սա է պատճառը, որ այլ մասնագետներ գիրք չեն գրում։ Ստացվում է, որ նույն մարդն է նույն սխալներով գիրք գրում։ Դուք գիտեք, թե որքան սխալներ կան այդ գրքում ու դրանք մտել են դպրոց, անամոթաբար նաև խրախոսվում են այդ հեղիանկները։ Սրանք շարունակում են կտրել սերունդը ազգային հիմքերից, և մենք մի քանի տարի հետո այս դասագրքերով սովորողներից կուենենանք ապազգային սերունդ, որը կապ չունի Հայաստանի հետ»,-եզրափակել է նա։
Սեդա Մակարյան