Ալիևն ուզում է լեգիտիմացնել Արցախի օկուպացիան՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ․ քաղաքագետ
Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, ինչից հետո Հայաստանի գործող վարչապետը սինքրոնացված խոսում է այդ փոփոխության մասին։ Այսինքն՝ օկուպանտ Ադրբեջանը թելադրում է, Հայաստանի օրվա իշխանությունը նրանց կամքով գործում։ Այդպես եղել է վերջին վեց տարիներին ու կշարունակվի մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարության վերջը։ ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Հասան- Ջալալյանը։
«Սահմանադրության նախաբանում կա հղում «Անկախության հռչակագրին», որտեղ հիշատակվում է Արցախի Ազգային խորհրդի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ադրբեջանը վտանգ է տեսնում այստեղ։ Մտածում են՝ եթե իրերի և գործող անձանց փոփոխություն լինի, Հայաստանը կփորձի ետ բերել Արցախը։ Նրանք ցանկանում են Սահմանադրության՝ «Անկախության հռչակագրին» վերաբերող հատվածը փոխել ու դե յուրե լեգիտիմացնել Արցախի օկուպացիան։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ներկայացնողը ևս շրջանառում ու խոսում է Սահմանադրության փոփոխության հարցի մասին»,- ասել է Հասան- Ջալալյանը։
Քաղաքագետն անդրադարձել է նաև Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջին։
«Ինչու՞ է Ալիևը դիմում Հայաստանին ԵԱՀԿ Մինսկի խումբը միասին լուծարելու վերաբերյալ համատեղ հայտ ներկայացնել։ Նա ցանկանում է Արցախի հարցով միջազգայնորեն գործող միակ կազմակերպությունից ազատվել, սակայն միայն իր պահանջով չի ստացվի։ Դրա համար է Հայաստանին դիմել։ Ադրբեջանը փորձում է համոզել Հայաստանին ու հասնել նաև Մինսկի խմբի լուծարմանը»,- ասել է քաղաքագետը։
Թուրք- ադրբեջանական տանդեմի պահանջները երբեք չեն փոխվել․ ընդգծում է Ստեփան Հասան-Ջալալյանը։ Հասարակությունը պետք է հասկանա․ կամ պետք է Հայաստանը ուժի դիրքերից խոսի ու ստիպի Ադրբեջանին հարգել տարածքային ամբողջականությունը, ազգային սկզբունքները, կամ էլ լուռումունջ հնազանդվի Ադրբեջանին ու կորցնի պետականությունը։ Հասան- Ջալալայանը կարծում է՝ երկրորդ տարբերակին վերջնականորեն չհասնելու համար պետք է ազատվել ապիկար իշխանությունից։