Իրանի փոխնախագահ Զարիֆը հրաժարական է տվել
Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021 թթ. զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո. այս մասին Զարիֆը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Ես բավարարված չեմ աշխատանքիս արդյունքից…. Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում», – գրել է նա:
Խոսքը վերաբերում է խորհրդատվական խորհրդին, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը օգոստոսի 11-ին ներկայացվել էր խորհրդարանի հաստատմանը: